Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լուկաշենկոյի հարցը ճիշտ էր, բայց ոչ տեղին. Ստյոպա Սաֆարյան (տեսանյութ)

Քաղաքականություն
step

Ալեքսանդր Լուկաշենկոն հարց է  տվել Նիկոլ Փաշինյանին, թե ինչու՞ Ռուսաստանից պատասխան չի պահանջում Ադրբեջանին զենք վաճառելու համար, այլ միայն Բելառուսից։ Ըստ  Լուկաշենկոյի՝  ինքն այդ մասին ասել է  Փաշինյանին՝ մի փակ հանդիպման ժամանակ։ Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի կարծիքով, Լուկաշենկոյի բարձրացրած հարցը ճիշտ էր, բայց ոչ տեղին, երկխոսությունը հանրային կերպով մանրամասնել պետք չէր. առավել եւս ռուս լրագրողների հետ զրույցում։ «Եթե նույնիսկ, Բելառուսի նախագահի ոչ այնքան  դիվանագիտորեն ձևավորված մտքի մեջ կա ճշմարտության հատիկ, միևնույն է, դա որևէ կերպ չի արդարացնում Բելառուսի  պահվածքը»:  Լուկաշենկոյի այդ հայտարարությանը այսօր պատասխանել է Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը: Նա նշել է, որ Փաշինյանը  Ռուսաստանի նախագահի հետ  քննարկումներում մշտապես բարձրացրել է Ռուսաստանի կողմից՝ Ադրբեջանին վաճառող զենքի  խնդրահարույց  հարցը: «Ցավոք, պարոն Լուկաշենկոն հերթական փակ հանդիպումից հետո,  հրապարակել է միայն այն, թե ինչ է ասել ինքը և չի հրապարակել այն, թե ինչ պատասխաններ է ստացել ՀՀ վարչապետից»,- ընդգծել է Արման Եղոյանը:   «Եթե վարչապետը իսկապես բարձրացրել է բոլոր երկրների, այդ թվում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին սպառազինություն վաճառելու հարցը, ապա պետք է խնդիրը հավասարապես դրվի, ոչ թե նրա համար, որ Բելառուսը 4-դն է, Ռուսաստանը 1-ինը, այլ որովհետև, պետք է հստակ քաղաքական  դիրքորոշում ունենաք. մենք գնու՞մ ենք սպառազինությունների մրցավազքը դադարեցնելու ճանապարհով, թե՞ ուղղակի այս պահին դժգոհում ենք այն երկրից, որի կապակցությամբ կարող ենք կամ ուզում ենք այդպիսի քննադատություն հնչեցնել»:   Բելառուսի նախագահը լրագրողների հանդիպման ժամանակ նաև նշել էր, որ  տարիներ առաջ Ադրբեջանի նախագահից 900 մլն դոլար գումար է ուզել, որպեսզի մարի Ռուսաստանի պարտքը, վերջինս նրան տրամադրել է այդ գումարը, որն էլ ինքը կարճ ժամանակ անց մարել է: Քաղաքագետն ընդգծում է, որ Բելառուսի նախագահը Ռուսաստանին հասկացնում է, որ կա այնպիսի երկիր, որը ի տարբերություն Ռուսաստանի՝ պատրաստ է աջակցել Բելառուսին:  «Բելառուսի նախագահը հենց այս պահին, գիտակցելով, որ հնարավոր է չստանա Վլադիմիր Պուտինից այն, ինչի համար այս շիլաշփոթը ստեղծել է, փորձում է  ցույց տալ, որ լավ ծառայել է  Ալիևին, հետագայում ակնկալելով, որ կրկին նույնատիպ խնդրով հանդես կգա»: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում Նիկոլ Փաշինյանի կառավարության քաղաքականությանը, ապա ըստ քաղաքագետի՝ դեռևս հստակ քաղաքական օրակարգ չկա: