Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. Իմ կամքը չեն կարող կոտրել. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
sputnik-1

Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշումից հետո նրա պաշտպանները մամուլի ասուլիս են հրավիրել։ Պաշտպանները տեղեկացրին, որ կալանավորման որոշումից անմիջապես հետո Քոչարյանն անձամբ մեկնել է ԱԱԾ-ի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ սպասում է քննիչին։  Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հրապարակեց Քոչարյանի հայտարարությունը: - Սիրելի հայրենակիցներ, ինչպես գիտեք այսօր Վերաքննիչ քրեական դատարանը կայացրեց մի վճիռ, որի արդյունքում կրկին հայտնվելու եմ կալանքի տակ: Ակնհայտ է, որ այս վճիռը նախ եւ առաջ քաղաքական որոշման արդյունք է եւ կայացվել է իշխանությունների բիրտ ճնշումների արդյունքում: Բավական է միայն նշել, որ մեղադրական կողմը ներկայացնում էր 6 հոգանոց դատախազական թիմ ՀՀ գլխավոր դատախազի գլխավորությամբ, ինչը մեր նորագույն պատմության մեջ աննախադեպ մի բան է: Գործը քննող դատավորն ընտրվել էր օրենքի համապատասխան ընթացակարգերի կոպիտ խախտումներով, իսկ իշխանամետ մամուլը առանց դատարանին սպասելու վաղուց արդեն հրապարակել էր որոշումը: Ես եւ թիմակիցներս բազմիցս հայտարարել ենք, որ տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, քան անձնական հաշվեհարդար, իսկական վենդետա, որն իրականացվում է իմ եւ իմ ընտանիքի հանդեպ: Դա ապացուցեցին նաեւ տխրահռչակ ձայնագրությունները: Անցածս ուղին կառավարման տարիներին գրանցած արդյունքներս, հեղինակությունս Հայաստանում, Արցախում եւ արտերկրում, ինչպես նաեւ քաղաքական հեռանկարներս ոչ մի կերպ հանգիստ չեն տալիս օրվա պոպուլիստ ու երկիրը  կառավարելու անընդունակ ղեկավարին: Պարզից էլ պարզ է, որ 2008 թվականի մարտի 1-ին մարդկային զոհերի պատճառ դարձած զանգվածային անկարգություններ գլխավոր կազմակերպիչը փորձում է մաքրվել արյունից եւ ինձ մեղավոր նշանակել: Վստահ եմ, որ վղ թե ուշ հասնելու եմ ազատության: Վստահ եմ, որ ապացուցելու եմ իմ անմեղությունը: Վստահ եմ նաեւ, որ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետությունը ամենածանր օրերին ղեկավարած մարդու դեմ սանձազերծված լկտի եւ ապօրինի հետապնդման բոլոր հեղինակներն ու կատարողները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ եւ դա լինելու է մոտ ապագայում: Լի եմ պատրաստակամությամբ շարունակելու քաղաքական պայքարը նաեւ բանտում: Իշխանությունները եւ նրանց հովանավորները թող պարապ հույսեր չփայփայեն, թե  կարող են կոտրել իմ կամքը: Ես սովոր եմ ծանր փորձությունների, եւ տեղի ունեցողը հերթական փորձություն եմ համարում: Իմ կյանքի հերթական մի դրվագն է, որը ստիպված եմ նվիրել պայքարի հանուն ազատության եւ արժանապատվության»: Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նշեց, որ դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: «Ընդ որում դիմելու ենք Վճռաբեկ դատարանին դիմելու հետ զուգահեռ, չենք սպասելու մինչև Վճռաբեկ դատարանը մեր բողոքները քննի, որովհետև տվյալ դեպքում այդ դատարանը չենք համարում արդյունավետ դատական ատյան»: Ըստ Հայկ Ալումյանի՝ օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը կարողացել է ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին, որովհետև կարողացել է դիմակայել այդ շրջանի ճնշումներին: Բայց դրանից հետո այդ ճնշումները սաստկացել են: «Դուք հիշում եք, թե Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 17-ին ինչեր էր ասում Ազատության հրապարակից, բացահայտ սպառնալիքներ էին հնչում դատավորների հասցեին»: Ըստ փաստաբանի դեկտեմբերի 4-ին՝ քարոզարշավի ժամանակ Փաշինյանի կողմից կրկին հնչել են սպասնալիքնր դատավորների նկատմամբ: Գործը հանձնարարվել էր այնպիսի դատավորի, որը սպառիլիքների նկատմամբ առավել խոցելիներից մեկն է, համոզված է պաշտպանը: «Մենք հասկանում էինք, որ տվյալ դատավորը, եթե իր վրա զգա ճնշումները, ապա ինքը չի կարող դիմակայել, ինքը այդ դատավորը չի, այդ ներքին ուժը իր մեջ չի ունենա: Մեր ամենավատ կանխատեսումները, ցավոք արդարացան»: Հայկ Ալումյանն անդրադարձավ նաև գաղտնի «0038» հրամանին: «Ինչքան շատ բան դուք իմանաք այդ հրամանի մասին, այնքան շատ կհամոզվեք, որ այդ հրամանով մեղադրանքի որևէ հանգամանք հաստատվել չի կարող: Այդ հրամանի մեջ ոչ մի բան չկա, որը կարող էր մեկնաբանվել պարոն Քոչարյանի դեմ»: Վիկտոր Սողոմոնյանն ասաց նաև, որ իրենք մտադիր էին դեկտեմբերին կազմակերպել Քոչարյանի գրքի շնորհանդեսը, իսկ փետրվարին հայտարարել նոր կուսակցության հիմնադրման մասին։ Հիմա, փաստորեն, այդ իրադարձությունները հետաձգվում են։