Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների համատեղ հայտարարությունը

Կարևոր լուրեր Պաշտոնական
osce

Միլանում ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակում Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները  պատրաստակամություն են հայտնել շարունակել աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Համանախագահող երկրները ողջունել են առաջնագծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և հաղորդվող կորուստների էական նվազումը, ինչը հաջորդել է Դուշանբեում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած խոսակցությանը: Նրանք հորդորել են կողմերին շարունակել իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունները և սեփական ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու միջոցներ ձեռնարկել: Համանախագահող երկրները հույս են հայտնել նաև, որ կողմերի միջև ինտենսիվ երկխոսությունը կարող է մոտ ապագայում հանգեցնել խնդրի կարգավորմանը: Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը վերահաստատել են լարվածության նվազեցման ու խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ինտենսիվ աշխատանք իրականցնելու իրենց պատրաստակամությունը: Երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները համաձայնություն են հայտնել հանդիպել 2019 թվականի սկզբին և շարունակել բարձր մակարդակով բանակցությունները: Նրանք գնահատել են համանախագահող երկրների կողմից ցուցաբերած մեծ ջանքերը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գործունեությունը: