Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մայրաքաղաքի բազմաբնակարան 90 շենք կունենա արևային մարտկոց

Քաղաքականություն
001

«Երևան՝ արևային համայնք» ծրագրի առաջին փուլի համար նախապես հաստատված չափորոշիչներով առանձնացվել է 52 շենք: Առաջիկայում այս հասցեներում կիրականացվեն լրացուցիչ սեյսմիկ ուսումնասիրություններ, որից հետո 45 շենքում ծրագիրը կմտնի գործնական փուլ և արդեն հաջորդ տարի կմեկնարկի տանիքներին արևային մարտկոցների տեղադրումը: Այս մասին նշվել է «ԵՄ՝ Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի համակարգող խորհրդի նիստի ընթացքում, որին մասնակցել են վարչական շրջանների և համատիրությունների ներկայացուցիչներ, աջակցող թիմի անդամներ: Նշենք, որ ծրագիրն իրականացվում է ԵՄ աջակցությամբ՝ «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակում: «Ծրագրում ընդգրկվելու հայտ էր ներկայացվել ավելի քան 445 շենքերից: Ընտրության ընթացքում փորձ է արվել պահել համաչափության սկզբունքը, չնայած, օրինակ Նորք- Մարաշ վարչական շրջանում հիմնականում սեփական սեկտոր է, և նման շենքեր չունենք: Նշեմ, որ Աջափնյակ վարչական շրջանից առաջին փուլի համար ընտրվել է 6 շենք, Ավանից՝  5, Արաբկիրից՝ 5, Դավթաշենից՝ 8, Էրեբունուց՝ 5, Կենտրոնից՝ 3, Մալաթիա-Սեբաստիայից՝ 5, Նոր Նորքից՝ 5, Նուբարաշենից՝ 1, Շենգավիթից՝ 5, Քանաքեռ-Զեյթունից՝ 4 շենք»,- նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ, աշխատանքային խմբի ղեկավար Տիգրան Սարգսյանը: Հանդիպմանը ներկա, ծրագրի համակարգող խորհրդի ղեկավար Հայկ Սարգսյանը, կարևորելով փորձնական ծրագրի իրագործումը, նկատել է. «Ըստ էության, սկիզբ ենք դնում մի նոր մշակույթի: Վերականգնվող այլընտրանքային էներգիայի օգտագործումը կարող է օրինակ դառնալ»: Նշենք, որ ընդհանուր առմամբ «Երևան՝ արևային համայնք ծրագրում կընդգրկվի բազմաբնակարան բնակելի 90 շենք: Տեղադրվելիք արևային ֆոտովոլտային համակարգերը կապահովեն վերելակների, շքամուտքերի և բակերի լուսավորության համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի պահանջարկը: Ծրագրի հիմնական նպատակն է բազմաբնակարան շենքերում նվազեցնել էներգետիկ սպառումը և դրա հետ փոխկապակցված ջերմոցային գազերի արտանետումները (տարեկան շուրջ 850 տոննա CO2)` վերականգնվող էներգիայի աղբյուրների կիրառման և էներգախնայողության միջոցառումների իրականացման միջոցով: