Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կարող է ստեղծվել սկանդալային իրավիճակ, որովհետև ՀՀ-ն խնդիրներ է բարձրաձայնում» (տեսանյութ)

Քաղաքականություն
stepan-safaryan

Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ կբարձրաձայնեի նաեւ այն խնդիրների մասին, որոնց պատճառով հետաձգվեց ՀԱՊԿ –ի գագաթնաժողովը: Կարծում է քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է  Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին: Նրա կարծիքով՝  նոյեմբերի  8-ին  ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին,  անդամ երկրներից  որեւէ մեկը պատրաստ չէր Հայաստանի  բարձրացրած խնդիրներին լուծումներ տալ. «Եւ կարող էր ՀԱՊԿ-ի գագաթնաժողովում ստեղծվել կամ ճգնաժամ, կամ սկանդալային իրավիճակ, որովհետեւ Հայաստանը խնդիրներ է բարձրաձայնում, որոնք լեգիտիմ են, որոնք օրինական են, որոնք վերաբերվում են ռազմաքաղաքական դաշինքի կարեւորությանը ոչ միայն իր անվտանգության համակարգում, այլ ընդհանրապես այս հսկայական տարածաշրջանում, որի պատասխանատվության տակ է ընկնում Կովկասից, կենտրոնական Ասիայից մինչեւ Եվրասիական ընդարձակ տարածություն՝ արեւելյան Եվրոպայով հանդերձ»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց Սաֆարյանը: ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 ուժերի ցուցակների առաջին համարների բանավեճը, Սաֆարյանի գնահատմամբ պատմության մեջ կմնա որպես նախադեպ: Միեւնույն ժամանակ, հանուն արդարության, քաղաքագետը գտնում է, որ այդ բանավեճում բացակայում էին Հայաստանի տեսլականին, արտաքին ու ներքին քաղաքականության մարտահրավերներին վերաբերող հարցեր. «Շատ ավելի էֆեկտիվ կլիներ, եթե նույնիսկ ժամանակը հնարավորություն չէր ընձեռնում բոլոր ոլորտներին անդրադառնալ, հարց ու պատասխանը թողնել ոչ թե մեկը մյուսին հարցեր տային, այլ ուղղակի իրենց նախընտրությամբ խոսեին այն երեք խնդիրներից, որոնք իրենք պատրաստվում են լուծել իշխանության գալուց հետո»:  Քաղաքագետի տպավորությամբ՝ամբողջ բանավեճի ընթացքում  պայքար էր գնում երկրորդ տեղի համար: Իսկ բովանդակային առումով, բանավեճը չափազանց թույլ էր, նկատում է Սաֆարյանը:  «Այն ինչի մասին խոսում են քաղաքական ուժերը, ներեցեք, ծրագիր անվանել չես կարող: Որովհետեւ ծրագիրը դա այն բարի ցանկությունը չէ, որ ինչպիսին ես ուզում տեսնել տվյալ խնդիրը, այլ նաեւ քո գործողությունների ծրագիրն է, որովհետեւ նույն կերպ դու կարող ես հարցնել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, թե ինչպիսին է տեսնում Հայաստանը, նա կասի, իհարկե, ուժեղ, հզոր Հայաստան»,-նշեց քաղաքագետը:  Սաֆարյանը հիշեցնում է, որ քաղաքականության առաջին քայլը ծրագիրն է եւ տպավորություն է ստեղծվում, որ քաղաքական ուժերը պայքարում են խորհրդարան անցնելու համար, որից հետո կտեսնեն, թե ինչ են անելու: