Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գործող Սահմանադրությունը  հնարավորություն է տալիս 55 ԱԺ պատգամավորի կաթվածահար անել քաղաքական կյանքը»

Քաղաքականություն

«Սահմանադրությունը հագուստ  չէ, որ մաշվի փոխենք կամ չմաշվի չփոխենք, այն իրավական փաստաթուղթ է, որը  իր գործունեության առաջին օրվանից մինչև վերջին օրը պետք է լինի լեգիտիմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը: Արձագանքելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որում ասվում է, որ  գործող Սահմանադրությունը դեռ 7 ամիս է, ինչ ուժի մեջ է, և եթե հանրության կողմից պահանջ լինի, ապա փոփոխություններ կկատարվեն, Նահապետյանն ասաց. «Եթե խոսում ենք հանրային արձագանքի մասին, ապա կուսակցությունները նույնպես որոշակի առումով հասարակության ներկայացուցիչներ են, և տվյալ դեպքում մենք առաջարկում ենք, որ ավելի մեծ թվով հանրության ներկայացուցիչ ուժեր միանան այս գործընթացին»: Նշենք, որ դեկտեմբերի 2-ին «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն իր ֆեյսբուքյան էջում հանդես էր եկել առաջարկով: ՔՈ-ն հորդորել է  բոլոր կուսակցություններին  փոխադարձ համաձայնագիր ստորագրել առ այն , որ ընտրվելու պարագայում այդ կուսակցությունները կնախաձեռնեն և կսատարեն նոր Սահմանադրության ընդունման գործընթացին: «Քաղաքացու որոշում»  կուսակցության  անդամները վստահ են, որ գործող Սահմանադրությունն ընդունվել է լայնածավալ ընտրախախտումների պայմաններում և  այն հանրության լայն համաձայնության արտահայտություն չէ ու չի հանդիսանում հանրային հարաբերությունները կարգավորող պայմանագիր: ՔՈ անդամ Միքայել Նահապետյանի խոսքով, գործող Սահմանադրությունը  հնարավորություն է տալիս 55 ԱԺ պատգամավորի տևական ժամանակահատվածում կաթվածահար անել քաղաքական կյանքը՝  ձևավորելով անկայուն իրավիճակներ: «Այս Սահմանադրությունը հնարավորություն է տալիս Ազգային ժողովին փոփոխություններ կատարել Սահմանադրության մեջ: Սակայն, սա պետք է լիներ ժողովրդի բացառիկ իրավասությունը»: Խոսելով բովանդակային հարցերի մասին, ՔՈ անդամ Գոռ Հակոբյանն ասաց, որ դրանք ընթացիկ քննարկման հարցեր են: «Նոր Սահմանադրության մշակման գործընթացը կարող է տևել 2-3 տարի: Կստեղծվի հանձնաժողով, թե այլ տարբերակ կլինի, արդեն ապագայի խնդիր է: Մեզ համար հիմա առաջնահերթը Սահմանադրության փոփոխումն է»: Նշենք, որ ժամեր առաջ ստորագրահավաքին միացավ «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը: