Ծաղկավաճառները բողոքի ակցիա են կազմակերպել
Դեկտեմբերի 3-ին «Ծաղկի շուկա» մանրամեծածախ առևտրի կենտրոնի ծաղկավաճառները փողոցներում են վաճառել ծաղիկները։ Նրանց խոսքով, սա բողոքի ակցիայի նոր ձև է։ Ծաղկավաճառները բողոքում են, քանի որ տարիներ շարունակ «Ծաղկի շուկա» առևտրի կենտրոնը ծաղիկ վաճառելու համար իրենցից 2000-ական դրամներ է վերցրել որպես տեղի գումար։ Ակցիայի մասնակիցների խոսքով գնորդներից էլ 1000-ական դրամներ են վերցնում մեքենան տարածքում կայանելու համար։ «Ամեն օր ստիպված ենք լինում վճարել 1000 դրամ, որպեսզի ամուսինս մեքենան կայանի տարածքում։ Առանց մեքենա էլ ծաղիկը ինչո՞վ հասցնենք մինչև խանութ»,- «A1+» -ի հետ զրույցում ասաց քաղաքացիներից մեկը։ Ծաղկավաճառները հայտնեցին, որ իրենք խոսել են առևտրի կենտրոնի պատասխանատուների հետ, սակայն ոչ մի կերպ համաձայնության չեն եկել, ուստի նույն կերպ շարունակելու են արտահայտել իրենց բողոքը։ Նշենք, որ «Ծաղկի շուկա» մանրամեծածախ առևտի կենտրոնը պետական ռեգիստրում գրանցվել է 2018թ.-ին, սակայն ծաղկավաճառների խոսքով, արդեն տասնյակ տարիներ է, ինչ այն գոյություն ունի։