Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թավշյա հեղափոխությունն եղավ ՀՀԿ-ի որոշմամբ, ի՞նչ է, Լյովա Երանոսյանը պիտի հրաման չկատարե՞ր» (տեսանյութ)

Քաղաքականություն
davit-shahnazaryan

Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու Դավիթ Շահնազարյանը։

Բանախոսը նշեց, որ խոսելու է բացառապես ներքաղաքական թեմաների շուրջ, թեև ծրագրավորել է անդրադառնալ նաև արտաքին քաղաքականությանն ու Ղարաբաղի հարցին։ Իշխանությունների նախագծած ընտրական օրենսգիրքն ու արտահերթ ընտրությունների որոշում ընդունելու հարցը միառժամանակ էին դրել ԱԺ-ում, ինչն էլ  կասկածի տակ է դնում ընտրությունների լեգիտիմությունը,  հայտարարեց  Դավիթ Շահնազարյանը: «Այն  մեկ մարդու որոշում էր, որը փաթաթվեց մեր հասարակությանը»,-ասաց նա: Դավիթ Շահնազարյանը նշում է՝ ՀՀԿ-ն արել է երկու կարևոր քայլ՝ ի շահ պետության: «Առաջինը, որ այսօր իշխող վարչախումբը եւ նրա պարագլուխն անընդհատ շեշտում է, որ եղել է խաղաղ, թավշյա հեղափոխություն: Դա այդպես է եղել, դա իրենց պատճառով չի եղել, դա եղել է բացառապես նախկին իշխանությունների որոշումը: Եթե կարծում էին, որ իշխանությունն այնքան թույլ էր, որ չէր կարող ուժ կիրառեր, սխալվում էին: Ի՞նչ է, Լյովա Երանոսյանը պիտի հրաման չկատարե՞ր»: Մինչ ընտրությունները Դավիթ Շահնազարյանը հանդիպել է ՀՀԿ ղեկավարներից մեկի հետ, ում անունն այդպես էլ չտվեց: «Ասացի՝ մասնակցելու եք ընտրություններին, ասաց՝ եթե մենք ընտրություններին չմասնակցենք, ընտրությունների լեգիտիմությունը խիստ կասկածելի կլինի: Ու շատ վտանգավոր է այսօր ՀՀ-ում ունենալ կասկածելի ընտրություններ, չգնահատել նման փաստարկն ուղղակի չի կարելի», - ասաց նա: Մարտի մեկի հետ կապված հարցերով իշխանությունները թող դիմեն իրենց պրոպագանդիստական օրգանին, որը կոչվում է ՀՔԾ, ասաց ՀՀԿ-ի ցուցակի պատգամավորի թեկնածու Դավիթ Շահնազարյանը: «Ես ինչ ասել եմ, դրա տերն եմ, ես նկարագրել եմ համառոտ այն, ինչին ականատես ու մասնակից եմ եղել: Ես չեմ ասել շշերը հավաքել, այլ ասել եմ՝ ջարդել», - ասաց նա: Դավիթ Շահնազարյանը նշեց, որ մարտի մեկի դեպքերը շատ լավ իմացողները իրենց դրել են «ռետինե խողովակի տեղ»: «Փորձում են մոլորեցնել մարտի մեկի զոհվածների հարազատներին, ուզում են նրանց օգտագործել բացառապես իրենց քաղաքական նպատակների համար», - ասաց նա: