Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկու ամսից ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը կունենա դեմոկրատական մեծամասնություն (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
b720f0fe-6dd4-4ab2-bdfa-3df4fce94d23_tv_w800_h450

Ամերիկայի Ձայն ԱՄՆ-ում իշխանության հավասարակշռությունը երեքշաբթի օրը գրանցեց փոփոխություն, երբ միջանկյան ընտրություններում դեմոկրատները կազմեցին մեծամասնություն Կոնգրեսի ստորին պալատում՝ Ներկայացուցիչների տանը։ Սա մի սպասված, սակայն նաեւ մեծ հարված էր նախագահ Թրամփին ու նրա Հանրապետական կուսակցությանը, քանի որ հավասարակշռությունը փոխվել էր հօգուտ դեմոկրատների։ ԱՄՆ-ի Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո Կոնգրեսում դեմոկրատների ղեկավար Նենսի Փելոսին, որը շուտով կստանձնի Ներկայացուցիչների պալատի խոսնակի պարտականությունները, հայտարարեց, թե նոր օր է բացվում երկրի համար։ Նրա խոսքերով, ՝՝դեմոկրատական մեծամասնությամբ Կոնգրեսը փնտրելու է մասնատվածությունը վերացնելու համար լուծումներ՛՛։  Ինչ վերաբերում է Կոնգրեսի վերին պալատին՝ Սենատին, այստեղ հանրապետականներն ավելի մեծացրին իրենց առավելությունը դեմոկրատների նկատմամբ։ Թրամփը, ինչպես տեղեկացնում է Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսը, շատ գոհ է Սենատում հավելյալ աթոռներ ստանալու հանրապետականների հաջողությունից։ Անցած երկու տարիների ընթացքում մեծացել են հանրապետական ու դեմոկրատական տեսակետներ ունեցող քաղաքացիների միջեւ տարբերությունները։ Նախագահ Թրամփի երբեմն կոշտ ու հակասական հայտարարություններն են ժողովրդին նման կերպ քաղաքականապես տարանջատել միմյանցից, ասում են մեծաթիվ վերլուծաբաններ։ Թրամփն օգտվում էր այն հանգամանքից, որ Կոնգրեսի երկու պալատներում էլ մեծամասնություն էին կազմում իր՝ Հանրապետական կուսակցության անդամ կոնգրեսականները։ Եթե հանրապետականների աջակցությամբ օրենքներ էին ընդունվում ու նախագահական հրահանգներ հրապարակվում ներգաղթը կրճատելու, բժշկական ապահովագրությունն ու սոցիալական ծառայությունները կրճատելու մասին, ապա այժմ այդ եւ այլ հարցերում իրենց դրոշմը դնելու հնարավորություն ունեն նաեւ դեմոկրատները։ Այսուհետ Թրամփի միակ հույսը դեմոկրատների հետ ինչ որ կերպ ընդհանուր հայտարարի գալն է։ Մի բան, ինչն այնքան էլ դյուրին չէ միմյանց միջեւ ամիսներ շարունակ քաղաքական անդունդը խորացնելուց հետո։ Թրամփի համար կա նաեւ վտանգ այն առումով, որ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովը կարող է սկսել նրա ամբողջ վարչակազմում իրականացված գործունեությունը զննելու աշխատանքներ։ Այնպես որ, Վաշինգտոնի քաղաքական աշխարհում սպասվում են լարված իրադարձություններ, երբ դեմոկրատական մեծամասնությամբ Ներկայացուցիչների պալատն իր աշխատանքները սկսի երկու ամսից։