Նախկինում աշխատել են ոչ թե լանցետով, այլ թրով, մենք լանցետով ենք աշխատելու. Ա. Մեսչյան (տեսանյութ)
«Քանի ես գլխավոր ճարտարապետ եմ, պատմական որևէ հուշարձան այլևս չի քանդվելու, հայտարարեց Երևանի նորանշանակ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով, եթե այն տարիներին, երբ քանդվում էին այդ շենքերը, ինքը լիներ քաղաքի գլխավոր ճարտարապետը, բնականաբար թույլ չէր տա, սակայն «գնացքը գնացել է» և պատմական հուշարձանների կոտորածը փաստ է: «Ճարտարապետությունը, ցավոք, ծառ չէ, որ կարողանան վերատնկել: Նախկինում աշխատել են ոչ թե լանցետով, այլ թրով, մենք լանցետով ենք աշխատելու», - ընդգծեց գլխավոր ճարտարապետը: Մեսչյանը նշում է, որ հիմա գոնե պետք է կարողանալ բալանսի բերել և որ ամենակարևորն է կառուցապատողը պետք է վերաբերմունք ունենա քաղաքին, միայն որպես բիզնես չդիտարկի. «Այս սրան պետք է վերջ տալ: Ինչքան ուզեցին մխտրել քաղաքը, չստացվեց: Հիմա պետք է և հնարավոր է թաղամաս առ թաղամաս կարգի բերել, վերացնել շենքերի վրայով անցնող և քաղաքի տեսքը այլանդակող գազի խողովակաշարերն ու էլեկտրական լարերը, անկանոն կառուցված մանսարդների և ավտոտնակների հարցերը վերանայել, բնակելի շենքերի տարածքում մանկական ու սպորտային հրապարակների համար տեղ բացել: Այս ամենի համար ժամանակ է պետք, սակայն սա իրագործելի է: Կուտակված բազում խնդիրներ կան և ինչքան կաշխատեմ, կփորձեմ իրագործել»,-ասաց նա: Արթուր Մեսչյանն առաջին գլխավոր ճարտարապետը կլինի, որ որևէ ստեղծագործական նախագիծ չի անի, քանի դեռ գլխավոր ճարտարապետի պաշտոնն է զբաղեցնում և սրա հետ կապված նրա որոշումն իր բացատրությունն ունի: «կարող եմ նախագիծ անել Բոստոնում Կամ Ադիս Աբեբայում, սակայն ոչ Երևանում: Որպես գլխավոր ճարտարապետ ես կլինեմ ոչ թե ղեկավար, այլ կոլեգա»,- նշեց նա: Արթուր Մեսչյանի խոսքով Հյուսիսային պողոտայից բոլորը բողոքում են, սակայն նույն բողոքողները երեկոյան քայլում են այդ պողոտայով և փաստ է, որ այն դարձել է ամենամարդաշատ վայրերից մեկը: Նրա կարծիքով ավելի մեծ խնդիրներ կան, օրինակ` Կիևյան կամուրջի տարածքը, որը ժամանակին քաղաքի մուտքերից մեկն էր, ճարտարապետական արժեք ունեցող ավարտուն փողոց էր, որ այլանդակվեց անիմաստ շինություններով: Եվ նման շատ օրինակներ կարելի է բերել: Սակայն ամենամեծ խնդիրներից է քաղաքի բնակչության համար, թերևս ամենաթունավոր նյութերից մեկը համարվող ազբեստե շիֆերի տանիքներն են: Երևանի գլխավոր ճարտարապետը համոզված է, որ չլուծվող հարցեր չկան, ուղղակի բոլորը պետք է լինեն մի գնացքի մեջ: