Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համաներումով կվերականգնվեն նախկին սխալները․ իրավապաշտպան (տեսանյութ)

Հասարակություն
avetiq-ishkhxanyan

Համաներում քաղաքակիրթ երկրներում չի կիրառվում: Իրավապաշտպան Ավետիք  Իշխանյանը, կառավարության ներկայացրած համաներման նախագծի մասին խոսելիս, մեջբերում է միջազգային փորձը: «Դրա փոխարեն կիրառվում է վաղաժամկետ ազատման մեխանիզմը՝ հստակ օրենքով, որովհետւ համաներումը մեծ մասամբ, մասնավորապես՝ Հայաստանում, կիրառվել է այսպես. Քրեակատարողական հիմնարկները բեռնված են եղել, եղել են քաղաքական բանտարկյալներ: Քանի որ Հայաստանում դատարանները մշտապես կախված են եղել գործադիր իշխանությունից, վաղաժամկետ ազատման մեխանիզմները չեն գործել եւ համաներումը եղել է  բանտերը բեռնաթափելու, ինչպես նաեւ քաղաքական բանտարկյալներին ազատելու միջոց: Մեծ հաշվով էսպես է ստացվում՝ ես ձեզ դատապարտել եմ, ես էլ ձեզ ներում եմ շնորհում՝ համաներման միջոցով»,-ասում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը։  Իրավապաշտպանը հույս ունի, որ այս համաներումը Նոր Հայաստան ստեղծելու ճանապարհին վերջինը կլինի եւ կանդրադառնա ցմահ ազատազրկվածներին նույնպես: Կառավարության ներկայացրած Համաներման մասին նախագիծը ԱԺ-ն կքննարկի հոկտեմբերի 23-ին:  «Այս համաներումով, ի վերջո կվերականգնվեն նախկին սխալները: Ցմահ ազատազրկվածների հետ կապված մի շարք հիմնախնդիրներ կան։ Ես կուզենայի, որ համաներման մեջ կիրառվեին նաեւ մինչեւ 21 տարեկան հանցագործությունների մեջ մեղադրվողները»:  Ինչ վերաբերում է գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքի երկարացմանը եւ նրա՝ խափանման միջոցը՝ առողջական խնդիրներից ելնելով,  փոխելու պաշտպանական կողմի հայտարարություններին, իրավապաշտպանի դիրքրոշումը հստակ է: «Եթե նրա առողջական վիճակը թույլ չի տալիս, անհամատեղելի է կալանքը կրելու հետ, ապա նա պետք է ազատ արձակվի»,-ասում է նա։  Մանվել Գրիգորյանը առողջական վիճակը գնալով վատանում է, վստահեցնում է նրա փաստաբան Լեւոն Բաղդասարյանը:   «Մանվել Գրիգորյանի թոքի կեսը չկա, քաղցկեղ ունի եւ դիաբետով է տառապում։ Մինչեւ կալանավորվելը նա ինսուլին չէր ստանում, կալանքից հետո բարձր դոզայով է ստանում։ Սա նշանակում է, որ կալանքի տակ գտնվելով՝ նրա առողջական վիճակը վատացել է»,-նշում է փաստաբանը։  Երևանի ընդհանուր իրավասությանն դատարանի որոշմամբ  ևս երկու ամսով երկարաձգվել  է գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը։