Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱԺ-ում վարչապետի թեկնածու չառաջադրվելու դեպքում խնդիրը կմտնի իրավական փակուղի» (տեսանյութ)

Պաշտոնական
ara-zohrabyan

«Փաստաբանների պալատի» նախագահ Արա Զոհրաբյանը «Վարչապետի հրաժարականի իրավական հետևանքները» վերտառությամբ գրառում է կատարել. «1. Վարչապետի հրաժարականից հետո, եթե խմբակցությունները չառաջադրեն վարչապետի թեկնածու, ապա ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆԻ և այդ հիմքով էլ բնականաբար առաջին փուլում վարչապետ չի ընտրվի: ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ վարչապետի ընտրությունն անցկացվում է անվանական քվեարկությամբ: 2. Խնդիրը ծագում է երկրորդ փուլում, քանի որ ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վարչապետ չընտրվելու դեպքում ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԻՑ ՅՈԹ ՕՐ ՀԵՏՈ անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:
3. Ինչպես տեսնում ենք, առանց՝ (1) առաջին փուլում թեկնածուի առաջադրման, (2) քվեարկության և (3) չընտրվելու փաստի արձանագրման, երկրորդ փուլը չի կարող սկսվել, քանի որ 7 օրյա ժամկետի սկիզբը դրված է ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ պահից: Հատկանշական է, որ վարչապետի և Գագիկ Ծառուկյանի միջև 08.10.2018թ. ստորագրված հուշագրով «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը, որպես հեղափոխության աջակից ուժ, պարտավորվել է ՀՀ վարչապետի թեկնածու չառաջադրել և չաջակցել վարչապետի որևէ թեկնածուի: ՀՀԿ խմբակցությունը 09.10.2018թ. հայտարարել է, որ Հանրապետական խմբակցությունը չուներ և չունի մտադրություն առաջադրելու վարչապետի իր թեկնածուն: ԱՄՓՈՓՈՒՄ՝ Իրավական առումով, երբ վարչապետը հրաժարական տա, ապա դա կհանգեցնի կառավարության հրաժարականին, իսկ ԱԺ-ում վարչապետի թեկնածու չառաջադրվելու դեպքում խնդիրը կմտնի իրավական փակուղի: Հետևաբար, վարչապետի հրաժարականի միջոցով Ազգային ժողովն արձակելու ցանկությունն իրագործելը հնարավոր է միայն ԱԺ մեծամասնությունը կազմող պատգամավորների հետ պայմանավորվածությամբ՝ վարչապետի թեկնածու առաջադրելու և նրան չընտրելու միջոցով: Սա նշանակում է, որ ԱԺ-ն «պաշարելու» սցենարը չի կարող աշխատել, իսկ վարչապետի թեկնածուին (եթե նույնիսկ ապահովության համար Նիկոլ Փաշինյանն առաջադրված լինի) ԱԺ պատգամավորների պարզ մեծամասնությունը կարող է ընտրել (կրկին ընտրել)»,- գրել է Արա Զոհրաբյանը: