Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանի թիվ 42 դպրոցի ուսուցիչները պահանջում են տնօրենի հրաժարականը

Հասարակություն
dasadul

Շեվչենկոյի անվան թիվ 42 դպրոցում անսովոր եռուզեռ է, ուսուցիչներն առավոտից  գործադուլ են հայտարարել, պահանջելով տնօրեն Էլեոնորա Թումանյանի հրաժարականը։ Ակցիայի մասնակիցների խոսքերով,  իրենք տևական ժամանակ է բարձրաձայնում են դպրոցում առկա խնդիրների մասին, մասնավորապես կոմունալ խնդիրների։ Ըստ նրանց՝  դպրոցում կան բավարար ռեսուրսներ, բայց տնօրենը դրանք վատնում է։ Բացի այդ՝ Էլեոնորա Թումանյանն իրենց նկատմամբ վարչական ճնշումներ է գործադրում։ Տնօրենը սակայն հավաստիացնում է, որ դասադուլ հայտարարած ուսուցիչները երբեք իրեն այդ հարցերով չեն դիմել և այսօր աշակերտներին դասարաններում մենակ թողնելով՝ օրենք են խախտում։ Ծնողական կոմիտեի բազմաթիվ անդամներ նույնպես այստեղ են, նրանք աջակցում են տնօրենին։ Էլեոնորա Թումանյանին աջակցում են նաև բազմաթիվ աշակերտներ, որոնց խոսքով տնօրենը որևէ օրենք չի խախտել։ Գործադուլ հայտարարած կողմը պնդում է, որ տնօրենը ծրարներով փող է վերցնում այն ծնողներից, որոնց երեխաները անդադար բացակայում են դասերից, տնօրենը հերքում է մեղադրանքներն՝ ասելով, որ դասերին չհաճախող աշակերտ չունեն։ Փոխտնօրեն Շողիկ Բաղդասարյանը տեղեկացրեց, որ այս առիթով նախաքննություն է ընթանում։ Թիվ 42 դպրոցում էին նաև ԿԳՆ աշխատակիցները։ Նրանք ուսուցիչների հետ պայմանավորվեցին, որ վաղվանից դասապրոցեսը նորմալ հունով շարունակվի, իսկ առկա խնդիրներն ամբողջ ծավալով ուսումնասիրվելու են նախարարության կողմից։