«Չեմ բացառում, որ արտահերթ ընտրությունների համար քաղաքացիները դուրս գան փողոց»
«Կամար» բիզնես կենտրոնում շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Հույս ունենամ, որ ոչ մեկը գայթակղությանը չի տրվի, և ժողովուրդն ամեն անգամ ստիպված չի լինի իր կամքը ցույց տալ: Չեմ բացառում, որ արտահերթ ընտրությունների անցկացման համար քաղաքացիները դուրս գան փողոց»: «Ամեն ինչ կախված է նրանից, թե որքանով կառուցողական կլինեն բանակցությունները: Մենք պատրաստ ենք կառուցողական բանակցությունների, հույս ունեմ՝ խորհրդարանական ուժերը նույնպես»,- ասաց վարչապետը: Ինչ վերաբերում է խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների այն հայտարարություններին, որ պետք չէ ընտրությունների անցկացման համար ժողովրդով սպառնալ, Ն. Փաշինյանը նշեց. «Դա շատ սխալ ձևակերպում է: Տեսականորեն ժողովուրդը կարող է մեզանով սպառնալ, բայց մենք ժողովրդով չենք կարող: Մենք ասել ենք հետևյալը՝ մեր գործողությունների հիմքում ընկած է եղել և ընկած կլինի ժողովրդի կամքը: Այնտեղ, որտեղ կլինի ժողովրդի կամարտահայտություն, մենք կդառնանք երաշխավորը այդ կամարտահայտության իրականացման»: