«Արարատ-Արմենիայի» մարզիչն ու ֆուտբոլիստը որակազրկվել են վիճելու համար
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում կայացել է կարգապահական կոմիտեի հերթական նիստը: Այն 19 որոշում է ընդունել: Մասնավորապես՝ «Արարատ-Արմենիայի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Վադիմ Սկրիպչենկոն «Բանանցի» հետ խաղում անվայել պահվածքի համար որակազրկվել է 2 խաղով, իսկ ակումբը տուգանվել է 50 հազար դրամով: Նույնատիպ պատիժ են ստացել նաեւ թիմի մարզիչ Ռազմիկ Գրիգորյանը եւ ֆուբոլիստ Արամ Լոռեցյանը, ովքեր խաղի ժամանակ վիճել են հանդիսատեսի հետ: Իսկ ահա «Կողբ» կրթության մշակույթի եւ սպորտի զարգացման հիմնադրամը տուգանվել է 40 հազար դրամով, քանի որ չի կարողացել կարգուկանոն ապահովել պատանեկան առաջնության «Զիկատար ՖԱ-03» - «Բանանց-03» հանդիպման ժամանակ: Ամենաուշագրավ պատժի արժանացել է «Յունիոր» ֆուտբոլային ակումբը, որը 10 հազար դրամ պետք է վճարի ֆեդերացիային «Յունիոր Սեւան» - «Երեւան» խաղում պատգարակ տանող աշխատակիցների ներկա չլինելու համար: