Արտահերթ խորհրդարանական ընտրությունները սխալ երևույթ են. Գ. Սահակյան (տեսանյութ)
ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցի բռնված ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը արտահերթ խորհրդարանական ընտրությունները անվանեց սխալ երևույթ, նշելով, որ, եթե, այնուամենայնիվ, արտահերթ ընտրություններ անցկացվեն, իրենք կմասնակցեն: Լրագրողները փորձեցին նրանից պարզել, թե ԱԺ արտահերթ ընտրությունների հարցը քննարկվե՞լ է ԳՄ նիստում՝ Գալուստ Սահակյանը անորոշ պատասխան տվեց: «Ինչ-որ չափով քննարկեցինք, բայց կուսակցությունն այդ հարցով որոշում չի կայացրել»,-ասաց նա: Հարցին՝ արդյոք ՀՀԿ-ն չպետք է նախաձեռնի ԱԺ ինքնալուծարումը՝ հաշվի առնելով, որ «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածուն հավաքեց 81 տոկոս ձայն, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «ՀՀԿ-ն ինքը գիտի, ինչ կանի»: Դիտարկմանն՝ ինչպես է ՀՀԿ-ն վերաբերում խորհրդարանի ինքնալուծարմանը, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ինքնալուծարումը նշանակում է պետության համար ամենավտանգավոր երևույթններից մեկը»: Հարցին էլ՝ արդյոք Սերժ Սարգսյանը վերադարձել է ակտիվ քաղաքականություն, պատասխանեց. «Սերժ Սարգսյանը հիմա էլ ակտիվ քաղաքականության մեջ է»: Գալուստ Սահակյանը նաև նկատեց, որ եթե 2-րդ նախագահը ակտիվ քաղաքականության մեջ մտնի և այնպիսի խնդիրներ առաջադրի, որը իրենց ծրագրին մոտ է, գուցե, համագործակցութուն սկսեն: