«Վարչապետի ելույթը ճիշտ թիրախային կետին խփեց». Արա Պապյան (տեսանյութ)
Քաղաքագետ Արա Պապյանի խոսքով, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը կարելի է առանձնացնել մի քանի առումով. «Իմ կարծիքով, առաջին անգամ նման հնչեղ բեմից զուգահեռ տարվեց Ղարաբաղի և Նախիջևանի միջև, նշելով, որ Ադրբեջանը Ղարաբաղը փորձում է դարձնել Նախիջևան»: Վարչապետն իր ելույթում նշել էր, որ Ադրբեջանը ցանկանում է միայն այդ հողատարածքը, այլ ոչ ժողովրդին. «Հաշվի առնելով, որ ցեղասպանության հարցը նուրբ է և զգայուն, դա ճիշտ թիրախային կետին խփեց»,- ասում է Արա Պապյանը Ըստ քաղաքագետի, նախկին ղեկավարները այսպիսի հայտարարություն չէին անում, քանի որ ավելի հեշտ տարբերակ էին ընտրել. «Սա, ես կասեի՝ միջանկյալ տարբերակ է, ավելի դժվարն էլ կա, ի վերջո, մենք դրան ենք գալու, ամերիկյան շնորհավորական ուղերձների մեջ նշմարվում էր՝ ամբողջ այս պրոցեսը հետսովետական շրջանից տեղափոխում են դեպի առաջին համաշխարհային պատերազմի ավարտի շրջան, այս հակամարտությունները դե յուրե և իրավապես գալիս են այդ ժամանակաշրջանից»: Արա Պապյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանի ելույթն այդուհանդերձ հակամարտության կարգավորման վրա էական ազդեցություն չի ունենա. «Ի վերջո պիտի ընդունենք, որ ղարաբաղյան հակամարտությունը քննարկվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, ՄԱԿ-ը շատ ավելի քիչ է ծանոթ նման կոնֆլիկտներին և չի զբաղվում դրանցով»: Մանրամասները՝ տեսանյութում