Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանյան գունազարդ վազքին այս տարի կմասնակցեն նաև հաշմանդամություն ունեցող մարդիկ

Մշակույթ
IMG_8431

2018-ին Yerevan Color Run-ը կմեկնարկի սեպտեմբերի 30-ին, ժամը 09:00-ին Շահումյանի հրապարակից: Միջոցառումը կսկսվի ֆիթնես նախավարժանքով, 2800մ երկարություն ունեցող վազքուղու  ընթացքում 4 գունազարդ կետերում մասնակիցների վրա ոտքից գլուխ կլցվեն գունավոր և բացարձակ անվնաս փոշեներկեր:  Վազքուղու ավարտին կհաջորդի երաժշտական գունազարդ «հրավառություն» և Color Party:   Այս տարի առաջին անգամ Երևանյան գունազարդ վազքին անվճար կմասնակցեն նաև ֆիզիկական սահմանափակ կարողություններով անձիք: «Հաշմանդամություն ունեցող 20 հոգի է մասնակցելու, նրանց համար առանձին մեկնարկ է լինելու: Այդպես ուզում ենք հասարակությանը ցույց տալ, որ եթե նույնիսկ մարդը ունի ֆիզիկական սահմանափակումներ, միևնույն է կարող է մասնակցել քաղաքի միջոցառմանը, լինել բոլորի հետ, զգալ ուրախությունը բոլորի պես, այդպիսով մենք մոտիվացնում ենք հաշմանդամություն ունեցող մարդկանց», - «Ա1+»-ին  ասաց Run Armenia նախագծի հիմնադիր-նախագահ, «Սթրիթ Վորքաութ» հայաստանյան ֆեդերացիայի նախագահ, «Երևանյան գունազարդ վազք» միջոցառման գլխավոր կազմակերպիչ Ղազար Հակոբյանը: Նա նաև տեղեկացրեց, որ այս տարի առաջին անգամ գունազարդ վազքին պաշտոնապես միացել են նաև բուհերը: Խոսելով այն մասին, որ հասարակության մի մասը գունազարդ վասքը հայկական մշակույթին խորթ երևույթ է համարում, Հակոբյանն ասաց, որ այդ խնդիրն առաջանում է տեղեկացված չլինելուց: «Պետք է ծանոթանալ նախաձեռնության պատմության հետ, այն ստեղծել է մի ամերիկացի, շատերը կարծում են, որ սա հնդկական տոն է, սակայն դա այդպես չէ, սա վազք է՝ գույների օգտագործումով:  Անցկացվում է աշխարհով մեկ և չունի ոչ մի վնասակար բան, ուղղակի մարդիկ հաճախակի ամեն ինչ բացասական են ընդունում, և ինչ է նշանակում, թե միջոցառումը օտար է, չէ որ աշխարհի բազմաթիվ երկրներում նույն կերպ հայկական միջոցառումներ են անցկացվում և այլ ազգի ներկայացուցիչներ մասնակցում են, ծանոթանում»: Հակոբյանի խոսքով, գունազարդ վազքը միտված է նաև Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը: Միջոցառմանը մասնակցելու են հյուրեր Իրանից, Վրաստանից, Իսրայելից, Ռուսաստանից, Ուկրաինայից: Գունազարդ վազքի միջոցառումից ստացված հասույթի մի մասն ուղղվելու է Անի Հայկուհի Foundation բարեգործական ծրագրին:  Երևանյան գունազարդ վազք 2018-ը նվիրված է Երևանի 2800 ամյակին: Միջոցառումն իրականացվում է Run Armenia նախագծի նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Գունազարդ վազքը (Color Run) միջազգային ձևաչափ ունեցող միջոցառում է, որն անցկացվում է աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ավստրալիա, Բրազիլիայում, Կանադայում, Չիլիում, Չինաստանում: «Գունազարդ վազք» նախագիծը Հայաստան է եկել 2015 թվականին և չորրոդ անգամ է անցկացվելու մայրաքաղաք Երևանում: Այն մարդկանց ուրախության անկնթարթներ նվիրող վազք-զվարճանք է, որտեղ վազքի մասնակիցների սպորտային պատրաստվածությունը նշանակություն չունի: Yerevan Color Run-ի նպատակն է յուրօրինակ ձևաչափով վազքի մարաթոնների իրականացման միջոցով Երևանի բնակիչների և հատկապես երիտասարդության շրջանում քարոզել առողջ ապրելակերպ, զարգացնել վազքի և զանգվածային սպորտի մշակույթը, մարդկանց կյանքը լցնել դրական և երջանիկ զգացողություններով: Yerevan Color Run-ին կարող են մասնակցել 14 տարին լրացած բոլոր ցանկացողները: Վազքի մասնակիցների առավելագույն քանակն է 1500 մարդ, իսկ մասնակցության արժեքն է 4000, 5000 և 6000  ՀՀ դրամ: Չնայած  մասնակիցների արդյունքները չեն չափվելու, սակայն վազքուղին առաջինն անցած երեք տղաները և աղջիկները կպարգևատրվեն մրցանակներով: