Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խորհրդարանական ուժերը կդիմադրեն ԱԺ լուծարմանը. Էդգար Վարդանյան (տեսանյութ)

Հասարակություն
hodvac-3

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքից  հայտարարել է, որ Հայաստան վերադառնալուն պես պատրաստվում է բանակցություններ սկսել խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների վերաբերյալ։ Վարչապետը հստակ հայտարարել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է որքան հնարավոր է շտապ լինեն: Քաղաքագետ Էդգար Վարդանյանը լրագրողների հետ հանդիպմանը նշում է, որ հիմնական քաղաքական ուժերի կողմից սա դիմադրության է արժանանալու: Քաղաքագետի խոսքով՝ շատերին սա ձեռնտու չէ, հատկապես նրանց, ովքեր հիմա խորհրդարանում են: «Որոշակի նոր բացահայտումները կարող են ազդել խորհրդարանական քաղաքական ուժերի, օրինակ՝ ԲՀԿ կամ Դաշնակցություն, վարկանիշի վրա: Երևանի ավագանու ընտրություններում  «Բարգավաճ  Հայաստան»-ը 7 տոկոսը ստացել է, քանի որ նա չի հակադրվել հեղափոխական օրակարգին: Սակայն, եթե տեսականորեն պատկերացնենք, որ ինչ-որ բացահայտումներ կլինեն, ապա այդ տոկոսն էլ չի մնա»,- ասում է նա: ՀՀԿ-ում Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության տոկոսը դիտարկում են ոչ թե որպես վստահության հանրաքվե, այլ զուտ ՏԻՄ ընտրությունների մասնակցության ցուցանիշ՝ ընդունելով դրա արդյունքները: Նաև շատ քննարկվեց այն թեման, թե ընտրություններին մասնակցությունն ակտիվ չէր։ Այս փաստը  Հանրապետական կուսակցությունը շահարկում է: ՀՀԿ ներկայացուցիչները նշում են, թե այն մարդիկ, ովքեր չմասնակցեցին ընտրությանը, դեմ էին «Իմ քայլը» դաշինքին: Քաղաքագետ Էդգար Վարդանյանը նշում է, որ այդ պարագայում կարող էին այլ կերպ իրենց բողոքն արտահայտել: «Կարող էին գալ ընտրության և անվավեր դարձնել քվեաթերթիկը կամ այլ ուժի ընտրել: Բողոքն արտահայտելու տարբեր ձեւեր կան»,- ասում է Էդգար Վարդանյանը: Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը ավելացնում է, որ Հանրապետական կուսակցության անդամներին ավելի ձեռնտու կլինի վայր դնել մանդատները և թույլ տալ, որպեսզի լուծարվի Ազգային ժողովը: «Նրանք Խորհրդարանից դուրս քաղաքական գործունեությամբ զբաղվելու շանս կունենան: Իսկ հակառակ դեպքում՝ ոչ»,- ասում է նա: Ավելին՝ տեսանյութով: