Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լարված իրավիճակ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայում (տեսանյութ)

Հասարակություն
sport-boks

Հայաստանում ստեղծվել է բռնցքամարտի նոր ֆեդերացիա: Այն կրում է «Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիա» անվանումը: Հայաստանի բռնցքամարտի ներկայիս ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը դեմ չէ նոր մարզական ֆեդերացիաների ստեղծմանը, սակայն չի հանդուրժում այն հանգամանքը, որ նրանք ցանկանում են զբաղեցնել իր կողմից ղեկավարվող ֆեդերացիայի տեղը:  «ԱԻԲԱ-ն (բռնցքամարտի միջազգային ֆեդերացիա-հեղ.) արդեն պատասխան է տվել Հայաստանի օլիմպիական կոմիտեին ու ՀՀ սպորտի նախարարությանը՝ կապված ՀԲՖ-ի նախագահական ընտրության հետ: Այնտեղ նշված է, որ եթե դրանք միջամտեն ֆեդերացիայի աշխատանքներին, ապա պատասխանատվության կենթարկվեն», - այսօր Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի արտահերթ հավաք-ժողովի ժամանակ ասաց Արթուր Գեւորգյանը: ԱԺ պատգամավորը չի կարծում, որ այդ դեմարշը կապված է իր անձի դեմ. «Սա ավելի շատ բռնցքամարտի դեմ է: Ես թույլ չեմ տա որպեսզի որեւէ մեկը ոտնձգություն անի բռնցքամարտի դեմ»: Մեր այն հարցին, արդյոք բռնցքամարտի մարզիչները դուրս են եկել հենց բռնցքամարտի դեմ, Արթուր Գեւորգյանն ասաց. «Նրանք մարզիչ չեն: Ժամանակին եղել են: Նրանք տարբեր պատճառներով հեռացվել են ֆեդերացիայից: Մեկին հրավիրել ենք աշխատելու: Չի գոհացրել, փոխարինել ենք: Երբ կանոնակարգված ենք աշխատում, ստիպված ենք որոշ մարդկանց կարգի հրավիրել: Սա այնպիսի կառույց է, որտեղ հնարավոր չէ ամեն ինչ իդեալական լինի: Խնդիրներ ամենուր է լինում, ու դա շատ նորմալ է», - եզրակացրեց ֆեդերացիայի նախագահը: Նշենք միայն, որ այսօրվա հավաք-ժողովից հետո հայկական բռնցքամարտում հարցերը ոչ թե պակասեցին, այլ հակառակն՝ ավելացան: Օրինակ, ովքեր եւ ինչու են ստեղծել բռնցքամարտի նոր ֆեդերացիա: Արդյոք դա օգուտ կտա հայկական բռնցքամարտին, թե՝ հակառակը: Արդյոք գործող ֆեդերացիան չունի իր մեղավորությունը ստեղծված իրավիճակի համար, եւ այլն: