Սեւ PR-ը մեր դեմ էր իրականացվում. Հայկ Մարության (տեսանյութ)
«Իմ քայլը» դաշինքն ամփոփում է քարոզարշավը։ Վերջին քարոզչական օրն սկսվեց Կենտրոն վարչական շրջանից: «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն իր համակիրների հետ շրջեց շենքերի բակերով եւ կոչ արեց քվեարկել իր օգտին: Ընթացքում բաց չէր թողնում առիթը նաեւ սելֆի անելու քաղաքացիների հետ: «Ա1+»-ի հարցին ի պատասխան, Հայկ Մարությանը նշեց, որ քարոզարշավի ընթացքը դրական է գնահատում: «Ամեն ինչ շատ ազատ էր, բոլորին տրված էր հավասար հնարավորություններ»: Հայկ Մարությանը հավելեց, որ քարոզարշավի ընթացքում իրենց դեմ սեւ PR է իրականացվել: «Ոնց որ թե ամբողջ սեւ PR-ը մեր դեմ էր իրականացվում, եւ դա տեղավորում ենք ընտրապայքարի մեջ: Մենք չենք բողոքում, բայց վստահեցնում եմ, որ ամբողջ սեւ PR-ը մեր դեմ էր ուղղված»,-ասաց թեկնածուն: Հայկ Մարությանը իր ծրագրերն իրականացնելու համար միջոցներ կգտնի: Ըստ նրա, ներդրողներ կլինեն, որովհետեւ իրենք աշխատելու ենք մաքուր եւ թափանցիկ: «Երեւանի բյուջեն բավարար է շատ բաներ անելու համար, քան արվում էր մինչ այսօր, իսկ շատ այլ ծրագրերի համար անհրաժեշտ կլինեն ներդրումներ»: