Կմշակվի մեխանիզմ, թե ինչպես է աշխատելու ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովը (տեսանյութ)
Քիչ առաջ ավարտվեց ՀՀ ԱԺ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի եւ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի առնչությամբ երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստը: Հանձնաժողի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Կոստանյանն առաջարկեց մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ, թե ինչ մեխանիզմով են աշխատելու: «Քանի որ սա առաջին դեպքն է քննիչ հանձնաժողովի, ապա պետք է հստակ որոշել, թե ինչ փաստաթղթեր ենք պահանջելու պետական մարմիններից, միջազգային ո՞ր կազմակերպություններից են հրավիրելու մասնագետներ կամ արդյո՞ք պետք է հրավիրել, եւ ո՞ր պաշտոնատար անձանց ենք հրավիրելու, որպեսզի ներկայացնեն իրենց դիրքորոշումը»,-ասաց նա: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին էր ստեղծվել քննիչ հանձնաժողովը, և այն ստեղծելու մասին որոշումն ընդունվել էր 47 կողմ, 14 դեմ ձայների հարաբերակցությամբ: Հանձնաժողովի կազմում ընդգրկվել է 5 անդամ ՀՀԿ խմբակցությունից, 3 անդամ «Ծառուկյան» դաշինքից, 2-ը՝ «Ելք»-ից և 1-ը՝ ՀՅԴ-ից: Քննիչ հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին: