Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սանիթեքն» արդարանում է

Կարևոր լուրեր Հասարակություն
Sanitek

«Սանիթեք» ընկերությունը պատրաստ է 7 միլիոն եվրոյի ներդրում անել, բայց նոր քաղաքապետի հետ քննարկումներից հետո: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Նիկոլաս Թավիլը: Վերջինս նաև տեղեկացրեց, որ օգոստոսին «Սանիթեք» ընկերությունն ավելի քան 500 հազար եվրոյի ներդրում է կատարել՝ 5 նոր մեքենա գնելու համար: «Մեքենաները Երևանի ճանապարհին են արդեն, մոտակա երկու օրերին այստեղ կլինեն: Իհարկե, շատ գումար ենք ներդրել նաև, որպեսզի պահեստամասեր գնենք»: Միևնույն ժամանակ Նիկոլաս Թավիլը նկատում է, որ եթե ընկերությունն անգամ 700 նոր մեքենա բերի, սակայն աղբավայրը լինի նույն վիճակում, ու «Սանիթեքի» աղբամանները շարունակեն վառել կամ վնասվեն, լինի դա «Սանիթեքը», թե այլ կազմակերպություն, նույն խնդիրներին է բախվելու: «Մեր գործունեության օրվանից ի վեր ավելի քան 1000 այրված աղբամաններ ունենք: Միայն դրանց պատճառով 700 հազար դոլարի կորուստ ենք ունեցել»,- նշեց նա: Ընկերության պարտավորությունների մեջ թեև չի մտնում շինարարական աղբի տեղափոխումը, սակայն դրա պատճառով նույնպես խնդիրներ են առաջանում:Այդ խնդիրը լուծելու համար ընկերությունը դիմել է քաղաքապետարան, սակայն իրավիճակը նույն  է: «Յուրաքանչյուր մեքենայի համար, որի մեջ լցվում է այս աղբը, 20 հազար դոլարի վնաս է հասցվում»: Նիկոլաս Թավիլը նաև պատասխանում է այն հարցին, թե ինչու՞ է աղբատար մեքենաներից ջուր հոսում: «Հենց աղբը լցվում է ոչ նպատակային տոպրակի մեջ, կամ այդ տոպրակը լավ փակված չէ, դրա հետևանքով ամբողջը ծորում է տոպրակներից: Շատ անգամ փորձել ենք Եվրոպայից մասնագետներ բերել, որպեսզի կարողանանք լուծում տալ հարցին, բայց լուծումը, կարելի է ասել, յուրաքանչյուրի մեջ է»: Ստեղծված իրավիճակում «Սանիթեքն» ունի լուծման կարճաժամեկտ և երկարաժամկետ տարբերակներ: «Կարճաժամկետ լուծումը նոր մեքենաների ավելացումն է: Վիճակն արդեն կարգավորվում է, և շուտով աղբահանության պրոցեսը հետ կգա իր նորմալ վիճակին: Խնդիրը 100 տոկոսով կլուծվի, երբ մեր մեքենաները Երևանում կլինեն, և սպասում ենք, որ մինչև շաբաթվա վերջ կամ եկող շաբաթվա սկիզբ այստեղ կլինեն»: Իսկ երկարաժամկետ լուծման տարբերակը պարզ կլինի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններից հետո՝ նոր քաղաքապետի հետ քննարկումներից հետո: