Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայր և դուստր՝ մեկ բեմում

Մշակույթ
2-3-1

 Կամերային երաժշտության տանը սեպտեմբերի 13-ին անցկացվեց հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի համերգը: «Դաշնամուրային զուգանվագ» խորագրով համերգային երեկոյին հանդես եկան Սեդրակ և Կամիլա Երկանյանները (դաշնամուր): Հայր և դուստր Երկանյանները ունկդրին ներկայացրին Բախի, Պուլենկի, Աշճյանի, Գուլքասյան-Ռաբեի ստեղծագործությունները: Ընդ որում, երեկոն բացառիկ էր երկու հանգամանքով: Նախ՝ այն հարուստ էր բազմաթիվ ստեղծագործությունների պրեմիերաներով: Առաջին անգամ Հայաստանում հնչեցին մի շարք ինքնատիպ գործեր, որոնցից, օրինակ, Բախի  Բրանդենբուրգյան 4-րդ կոնցերտը հենց Սեդրակ Երկանյանն է փոխադրել դաշնամուրի համար: Բացի այդ, հայր և դուստր Երկանյաններն առաջին անգամ էին հանդես գալիս համերգով, ներկայացնում այսպիսի մեծակտավ ծրագիր: «Հայրիկիս՝ Սեդրակ Երկանյանի հետ շատ հաճելի է հանդես գալ: Չկա ոչ մի խոչընդոտ, ոչ մի դժվարություն: Հենց նա է երաժշտության նկատմամբ սեր սերմանել իմ մեջ, եղել է իմ առաջին ուսուցիչը: Շատ բաներ եմ սովորել իրենից: Այսօր բախտ ունեմ ներկայանալու իր հետ նույն բեմում: Անցյալ տարի հայրիկս համերգով Բեյրութում էր, մի փոքրիկ ելույթ ունեցանք միասին, բայց մեծ համերգով առաջին անգամ հանդես եկանք Երևանում»,-նշում է Կամիլա Երկանյանը: «Տաղարան»-ն ակտիվ գործունեություն է ծավալում Կամերային երաժշտության ազգային կենտրոնում, սեպտեմբերի 27-ին էլ հանդես է գալու Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակին նվիրված համերգով: Նշենք, որ «Տաղարան»-ը ի սկզբանե կոչված է եղել համերգային բեմ բարձրացնելու, տարածելու և հանրահռչակելու հայ միջնադարյան հոգևոր երգարվեստի գանձերը: Այդ է պատճառը, որ նրա նվագացանկում մշտապես կենտրոնական տեղ են գրավում 5-15-րդ դարերի հեղինակների շարականներն ու տաղերը: