Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ-ում քննարկման է ներկայացվել Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցը (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled-29

ԲԴԽ  նախագահ Գագիկ Հարությունյանը ներկայացնելով թեկնածուին տեղեկացրեց, որ ՀՀ Սահմանադրությամբ սահմանված է, որ Վճռաբեկ դատարանի նախագահին ընտրում է ԱԺ-ն՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, ԲԴԽ-ի առաջարկությամբ, Վճռաբեկ դատարանի կազմից վեց տարի ժամկետով: Նույն անձը կարող է ընտրվել միայն մեկ անգամ: Բարձրագույն դատական խորհրդի կազմակերպած ընտրությանը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը 10 անդամներից ստացել է յոթի քվեն և սահմանված կարգով նրա թեկնածությունը ներկայացվել է ԱԺ-ին: Գագիկ Հարությունյանը նշեց, որ Երվանդ Խունդկարյանը 2001 թվականից դատավոր է  աշխատում դատական համակարգում, բոլոր աստիճաններով բարձրացրել է: Վճռաբեկ Դատարանի նախագահի թեկնածու Երվանդ Խունդկարյանը ներկայացրեց դատարանի լիազորությունները և իր տեսլականը նախագահի պաշտոնում: Նա անդրադարձավ հասարակական քննադատություններին և նշեց, որ իշխանությունների տարանջատման սկզբունքի դրսևորումներից է դատական իշխանության անկախությունը: Ի դեպ ԱԺ-ն  շարունակելու է նաև Սահմանադրական դատարանի անդամի ընտրության հարցով քննարկումը: Այս մասին խորհրդարանի նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Նա միաժամանակ նշեց, որ նիստերի դահլիճին կից նախասրահում 10:30-ին սկսվել է Հայաստանի Կենտրոնական բանկի անդամի թեկնածության գաղտնի քվեարկությունը: Առաջադրվել է Մարտին Գալստյանի թեկնածությունը: Այնուհետեւ խորհրդարանականները կանցկացնեն Աուդիտորական պալատի անդամի թեկնածության գաղտնի քվեարկությունը: .................... Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ԱԺ-ն փակ քվեարկությամբ Հայաստանի ԿԲ խորհրդի անդամ ընտրեց Մարտին Գալստյանին:

 
Նա ընտրվել է 78 «կողմ» ձայնով: «Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության համար առաջադրվել է Մարտին Գալստյանի թեկնածությունը: Նրա անունն ընդգրկվել է գաղտնի քվեարկության քվեատուփում: ԱԺ 105 պատգամավորներից քվեարկությանը մասնացել են 87-ը: «Կողմ» են քվեարկել 78 պատգամավորներ, իսկ «դեմ»` 9-ը»,-ներկայացրեց Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը: Անվավեր քվեաթերթիկ չի ճանաչվել: