Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տրանսպորտի համակարգը տխուր վիճակով ենք  ժառանգել. նախարար (տեսանյութ)

Տնտեսություն
naxarar

Տրանսպորտի համակարգում շատ բացեր կան, մենք տխուր վիճակ ենք  ժառանգել, դա կապված է ե՛ւ ճանապարհների վատ վիճակի, ե՛ւ տնտեսվարողների աշխատանքի հետ, նշում է ՀՀ տրանսպորտի նախարար Աշոտ Հակոբյանը: «Հարցի լուծումը տեսնում ենք միասնական երթուղային ցանց ստեղծելու մեջ: Մեկ օպերատորի առկայությունը, որը կսպասարկի ամբողջ մարզը, այլ ոչ թե կսպասարկի իրեն ձեռնտու երթուղիները»,- ասում է նա: Անդրադառնալով Հյուսիս-հարավ ճանապարհին, նախարարը նշեց, որ  6.5 կմ ընդհանուր երկարությամբ բետոնային պատվածքն արդեն կառուցվել է, ինչպես նաեւ 8 կմ հիմքը եւ ենթահիմքը և այդ ամենի համար ծախսվել է 3.2մլրդ դրամ։ Ավարտվել է նաեւ այդ ճանապարհահատվածում գտնվող հողերի օտարման եւ տարաբնակեցման ծրագիրը։ Այս պահին շարունակվում է հաղորդակցուղիների տեղափոխման համար անհրաժեշտ հողերի օտարումն ու փոխհատուցումը։ Լարսում առաջացած  կուտակումների խնդիրը Հայաստանի հարևան երկրների՝ Վրաստանի և Ռուսաստանի տիրույթում է, ասում է Աշոտ Հակոբյանը: Լարսին այլընտրանք ունենալը վերաբերելու է  բեռնափոխադրումներին, և դա Հարավային Օսիայի հատվածն է։ «Ներկայումս բանակցություններ են ընթանում ռուսական և վրացական կողմերի և շվեցարական SGS ընկերության միջև, որպեսզի այդ կազմակերպությունը կարողանա միջանկյալ այդ հատվածում կատարի մեր բեռնափոխադրումները», - հայտարարեց Ա. Հակոբյանը։ Ըստ նրա, Լարսում կուտակումները  միայն հայ վարորդներով չեն պայմանավորված՝ դրանցում հայերի չափաբաժինը կազմում է շուրջ 25 տոկոս։ «Լարսի ճանապարհը կառուցելիս, այն ժամանակ ոչ ոք չի հաշվարկել, որ երրորդ երկրից՝ Թուրքիայից կանցնեն դեպի Ռուսաստան, և որևէ մեկը չէր հաշվարկել, որ Բաթումին կդառնար այդպիսի տուրիստական մեծ կենտրոն», - ասում է նախարարը: