Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խաղ չկա միայն Հայաստանի ժողովրդի դեմ. Հայկ Մարության (տեսանյութ)

Հասարակություն
hayk

Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում հստակեցրել է, թե ինչ է ցանկացել ասել՝ Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունների  ֆինանսավորումն ապահովելու համար երեկ կազմակերպված դրամահավաք-երեկոյին։ «Սիրելի ժողովուրդ, այսօր համացանցում քննարկման առարկա են դարձել ելույթումս հնչեցված որոշ ձևակերպումներ, որոնք տարաբնույթ մեկնաբանությունների առիթ են հանդիսացել։ Ես ամենևին անթերի չեմ, և կարծում եմ, որ կարող էի ավելի հստակ ձևակերպել խոսքս և  գուցե, այդ դեպքում տարընթերցումներ չլինեին։ Ուզում եմ հստակ ֆիքսել, որ Հայաստանում կա ընդամենը մեկ սուբյեկտ, որի դեմ խաղ չկա, և դա Հայաստանի ժողովուրդն է։ Ու, այո, բոլոր այն ուժերը, որոնք տարիներ շարունակ բռնացել են ու դեռ փորձելու են բռնանալ ժողովրդի ազատության և արժանապատվության վրա, խաբել ժողովրդին, կանխել վերջինիս առաջընթացն ու հաջողությունը, սև ուժեր են, և ես անձամբ իմ պարտքն եմ համարել և համարում անել ամեն ինչ, որպեսզի նրանք այլևս երբեք չկարողանան դա անել։ Ընտրությունը ժողովրդինն է, և ես համոզված եմ, որ մեր թիմը կարժանանա վերջինիս վստահությանը»։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ Հայկ Մարությանի մտքերը կոնտեքստից կտրված են ներկայացվել: «Հայկ Մարությանն ասել է, որ ովքեր կանգնած են հեղափոխության կողքին սպիտակ ուժերն են, իսկ ովքեր հեղափոխության կողքին չեն եղել՝ սեւ ուժերն են»: Ըստ Կոստանյանի՝ նախկին Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էլ դրա լավագույն մարմնավորումն է: