Մի զանգեք Մոսկվա (տեսանյութ)
Հանրահավաքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղղակի հայտարարեց, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ գաղտնի չի բանակցի ու գաղտնի փաստաթուղթ չի ստորագրի: «Հավատացեք, եթե կլինի կարգավորման մի տարբերակ, որին ես կհավատամ ու կհամարեմ, որ դա լավ տարբերակ է, որեւէ մեկը թող չմտածի, որ ես ձեզանից թաքուն թուղթ կստորագրեմ կամ թաքուն կբանակցեմ: Ես կգամ կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասներով կներկայացնեմ եւ դուք կորոշեք, գնում ենք, թե չէ: Դուք եք բարձրագույն իշխանությունը եւ որոշողը»,-ասաց նա: Հետո ավելացրեց. «Մեծ փողեր են ծախսում, լրատվամիջոցներ են առնում, ֆեյքեր են վարձում, որ հայտարարեն, թե Փաշինյանը եկել է հողեր հանձնելու: Պատկերացնում ենք, ես Ղարաբաղի հարցով դեռ մի բառ չեմ բանացկել : Ասում են, եկել է հող հանձնելու, իրանք իրանց հետ են շփոթում, որ բացի հող հանձնելուց ուրիշ բանի մասին չեն բանակցել: Եւ ես հիմա դա գիտեմ փաստաթղթավորված, որովհետեւ տիրապետում եմ բանակցային գործընթացի ողջ գործընթացին: Վարչապետի խոսքով, ինքը պատրաստ է Ղարաբաղի հարցով ՀՀ-ի անունից բանակցել, բայց Արցախի անունից պետք է բանակցի միայն Արցախի Հանրապետությանն իշխանությունը: «Բայց մենք ազգովի պատրաստ ենք ջախջախիչ հակահարված տալու Ադրբեջանի ցանկացած սադրանքներին, հաստատեք սա: Սակայն, մենք նաեւ պատերազմ չենք ուզում, մենք պատրաստ ենք խաղաղ բանակցությունների ու խաղաղ կարգավորման, բայց նրանք ովքեր փորձում է ինձ վրա որեւէ կասկածներ գցել, չեն հասկանում, որ Ղարաբաղի հարցի լուծող-չլուծողը կառավարությունը չի, այլ ժողովուրդը»: Ի դեպ, վարչապետն իր ելույթը հատուկ ընդհատեց եւ հանրահավաքի մասնակիցներին կոչ արեց իջեցնել օտարերկյա բոլոր դրոշները, քանի որ այսօր ՀՀ դրոշի ու զինանշանի օրն է: Հայ-ռուսական հարաբերություները, ըստ Փաշինյանի, շատ լավ են: «Խոսել, թե դրանք վատ են, ուղղակի ծիծաղելի է: 2 անգամ հանդիպել եմ , 3 անգամ էլ խոսել եմ ՌԴ նախագահ Պուտինի հետ ու հիմա կարող եմ ասել, որ ի հեճուկս ՀՀԿ-ի, գործերը լավ են ու գնալով ավելի ու ավելի են լավանալու: Համապատասխան ընթացակարգերից հետո բոլորդ շուտով կիմանաք հայ-ռուսական աննախադեպ մարդասիրական նախագծի մասին: Դա մի համագործակցություն է լինելու եւ կոնկրետ ապացուցում է, որ գնում ենք մեր հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ: Հայ-ռուսական ռազմավարությունը եւս զարգանալու է»,-ասաց նա: Վարչապետը նաեւ ընդգծեց, թե ՀՀ-ի նախկին իշխանությունները այնպիսի մթնոլորտ էին ստեղծել, թե բազմաթիվ նեգատիվ երեւույթներ կապված են Ռուսաստանի հետ, ու պատասխանատվությունը մշտապես գցել դրսի ուժերի վրա: «Ու հիմա, երբ նրանք բանտի ճանապարհին են, զանգում են ռուսներին ու ասում, թե մենք իրենց դեմ ենք պայքարում: Մի զանգեք : Մոսկվայում միամիտ մարդիկ չկան, Երեւանում նույնպես»,-խորհուրդ տվեց Փաշինյանը: Արտաքին քաղաքականությունում էլ Փաշինյանը խոստացավ, որ ռեվերսներ չեն լինելու եւ ՀՀ նպատակներից մեկը բարեկամությունը բոլորի հետ խորացնելն ու նոր մակադակի բարձացնելն է : «Նաեւ Եվրամիության երկրների հետ ենք զարգացնելու, սերտ կապեր ունենք ԱՄՆ-ի ու Իրանի: Բայց մեր կարեւորագույն էությունը մեր ազգային շահերի պաշտպանությունն է»,-ասաց նա: