Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռոբերտ Քոչարյանը նստած է այն նույն մեկուսարանում, որտեղ մենք էինք Մարտի 1-ից հետո» (տեսանյութ)

Հասարակություն
zurabyan

ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը Երեւանի  ավագանու ընտրություններին մասնակցելու որոշումը միանգամից է կայացրել: Նրան քաջալերել են նաեւ իր քաղաքական թիմի անդամները: «Երբ  տեսա թեկնածուներին, տեսա՝ ովքեր կարող են առաջադրվել, կարծում եմ, դա ինքնին բերեց եզրահանգման, որ պետք է առաջադրվել»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց Արարատ Զուրաբյանը: Երեւանի կառավարմամբ պետք է զբաղվեն քաղաքից քաջատեղյակ մարդիկ: Արարատ Զուրաբյանն իրեն քաջատեղյակ համարում է. «Դա շատ բարդ մեխանիզմ է, կյանքի բերումով այնպես է ստացվել, որ ես այդ օրգանիզմում շատ երկար ժամանակ եղել եմ՝ 6 տարի Կենտրոն համայնքի ղեկավար եմ եղել, եւ կարծում եմ, որ դա բավարար է սրա համար»: Երեւանաբնակները ընտրության գնալիս պետք է չառաջնորդվեն միայն այս կամ այն թեկնածուի նկատմամբ համակրանքի զգացումից: Պետք է հաշվի առնել, թե ինչ կարող  է անել թեկնածուն քաղաքի խնդիրները լուծելու համար, կարծում է Երեւանի քաղաքապետի թեկնածուն: «Երբ  բժշկի ես դիմում, չես նայում՝ լավ մարդ է, թե վատ մարդ է, համակրելի է, թե համակրելի  չէ, ուզում ես գտնել մասնագետի, որովհետեւ առողջությանդ խնդիրն է եւ մտածում ես, որ դրանով պետք է զբաղվի նա, ով ունի այդ մասնագիտական կարողությունները»:   Զուրաբյանը վստահ է՝ այս ընտրությունների ժամանակ խախտումներ չեն լինելու, որոշողը միայն Երեւանի բնակիչն է լինելու: Թեկնածուն չի կիսում այն տեսակետը, թե Նիկոլ Փաշինյանի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն ավելի մեծ շանսեր ունի, քան մյուսները: «Ես կարծում եմ, որ ինքս քաղաքապետ ընտրվելու պարագայում Նիկոլ Փաշինյանին ավելի շատ օգուտ կբերեմ, քան մեկ այլ անձ: Քանի որ, եթե մարդը իր պրոֆեսիոնալ պարտականությունները չիրականացնի այդ ոլորտում, դա առաջացնելու է հասարակական դժգոհություն, որը տարածվելու է նույն Նիկոլ Փաշինյանի վրա»,-ասաց Զուրաբյանը: Արարատ Զուրաբյանն արդեն հանդիպումներ ունենում է քաղաքացիների հետ եւ համոզվել է, որ Երեւանի հաջորդ քաղաքապետն ինքն է լինելու. «Ես, ճիշտն ասած, երբ մտել եմ այս պրոցեսի մեջ, մի բան եմ գիտակցել, որ ես չեմ մտել մասնակցելու համար, ես մտել եմ կոնկրետ Երեւանի քաղաքապետ դառնալու համար եւ ես չեմ էլ կասկածում, որ այդպես էլ լինելու է»: ՀՀՇ վարչության նախագահն անդրադառնալով Մարտի մեկի գործի բացահայտմանը և Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխմանը, հիշեց, իրենց մեկուսարանում գտնվելու օրերը. «Մարտի մեկից հետո մենք նստած էին բանտում, նույն Ազգային Անվտանգության մեկուսարանում, հիմա պետք էր փոխել խափանման միջոցը, թե պետք չէր փոխել խափանման միջոցը: Էլի որոշում էին այդ համակարգերը, ընդ որում դրանց վրա շատ լուրջ ազդեցություն ունեին Ռոբերտ Քոչարյանը, հետո էլ Սերժ Սարգսյանը»: Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու եւ Մարտի մեկի գործի բացահայտումը միայն իրավական գործընթաց է, վստահ է Արարատ Զուրաբյանը: «Իմ գնահատմամբ Ռոբերտ Քոչարյանը հանցագործ է եւ պետք է իր պատիժը կրի, որովհետեւ նա պատճառ է դարձել մարդկանց մահվան, մարդիկ զոհվել են, ընդ որում՝ խիստ խաղաղ պրոցեսի հետեւանքով»,-նշեց ՀՀՇ վարչության նախագահը: Պարոն Զուրաբյանը վստահ է, որ Ռոբերտ Քոչարյանի հրահանգներով են շարժվել թե պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, թե մյուս պաշտոնյաները. «Հիմքերի հիմքում ընկած էր այն, որ Քոչարյանն ուզում էր իշխանությունը փոխանցել Սերժ Սարգսյանին եւ այլ տարբերակ չէր տեսնում եւ գնաց ուժային մեթոդի»: Ըստ ՀՀՇ ղեկավարի, Մարտի մեկի գործով պետք է մեղադրանք առաջադրվի նաեւ Սերժ Սարգսյանին: Արարատ Զուրաբյանը չի կիսում այն կարծիքը, որ Մարտի մեկի համար մեղավոր է նաեւ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: «Չի  կարելի մեղադրել Տեր-Պետրոսյանին խաղաղ ցույցեր անցկացնելու մեջ»,-ասաց նա:  Այդ օրերին հրապարակում գտնված Զուրաբյանը եւս մեկ անգամ վստահեցնում է, որ ցույցերը խաղաղ են եղել եւ մարդիկ իրականացրել են իրենց Սահմանադրական իրավունքը: