Այստեղ ապրելը շատ դժվար է. Այլազգի փախստականները բողոքում են ՄԱԿ-ի դիմաց (տեսանյութ)
Հայաստանում ապաստանած փախստականները այսօր բողոքի ակցիա անցկացրեցին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց: Նրանք ապաստանել են Նոր Նորքի երկրորդ զանգվածում գտնվող հանրակացարանում, որի կենցաղային պայմաններն ըստ նրանց՝ ծայրահեղ վատն են: Փախստականները հիմնականում Աֆղանստանից, Բանգլադեշից, Իրանից են: Աֆղանստանից եկած Սիդե Խոլա Ալի Զադեն նշում է, որ կորցրել է իր ընտանիքը այնտեղ և ցանկացել է գնալ Թուրքիա, բայց սխալմամբ հայտնվել է Հայաստանում: «Այստեղ ապրելը շատ դժվար է, ապաստարանում տարրական պայմաններ չկան, աշխատանք չկա»,-ասում է նա։ Բողոքող փախստականները նշում են, որ չեն պատրաստվում հեռանալ շենքի մոտից և կգիշերեն ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց, քանի դեռ իրենց խնդիրները լուծում չեն ստանում: Նրանք ցանկանում են գնալ այլ երկիր, իսկ հայրենիք վերադառնալ չեն կարող, հնարավորություն չունեն: