Բալետի նոր աստղը ծառայելու է ՊՆ երգի-պարի համույթի զորամասում. Բախշյան

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային-ակադեմիական թատրոնի մենապարող Ռազմիկ Մարուքյանը ծառայելու է ՊՆ երգի-պարի համույթի զորամասում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:
Բազմաթիվ միջազգային մրցանակներ շահած ու արտասահմանում Հայաստանը ներկայացնող արվեստագետին բանակից տարկետում տալու հարցը քննարկումների մեծ ալիք բարձրացրեց:
18-ամյա տղայի մայրը՝ Կարինե Ավագյանը, նույնիսկ ահազանգեց ՀՀ վարչապետին, Պաշտպանության և մշակույթի նախարարներին: Իսկ Անահիտ Բախշյանը խնդրի շուրջ, մասնավորապես գրել էր.
«Չգիտեմ, թե որ հանձնաժողովի եզրակացությունների հիման վրա է կայացվել այն որոշումը, որ տղան ծառայի ընդհանուր հիմունքներով: Չեմ հասկանում, ազնիվ խոսք, հարգելի հանձնաժողովականները տեղյա՞կ են, թե մեր օպերայի և բալետի թատրոնը քանի՞ նման շնորհալի մենապարող ունի և երիտասարդից, որքան տարիներ, ջանք, աշխատասիրություն ու շնորհք է պահանջվել այդ բարձունքին հասնելու համար: Այս խնդրով հանձնաժողովին դիմել է նաև օպերայի և բալետի թատրոնի տնօրենը, սակայն, ըստ ծնողի, որոշումը մնացել է նույնը՝ տղան պետք է ծառայի ընդհանուր հիմունքներով:
Ի՞նչ է, Ռազմիկը Հայրենիքին չի ծառայո՞ւմ, երբ աշխարհի բեմերում ներկայացնում է Հայաստանը, անպայման Հայոց բանակու՞մ պետք է ծառայի, որ իր պարտքը կատարի: Պատկերացնո՞ւմ եք Ռազմիկի ոտքերը 2 տարի լինեն կոշտ ու կոպիտ զինվորական ճտքավոր կոշիկների մեջ, որից հետո այլևս չկարողանա բեմ դուրս գալ, Հայաստանն էլ կորցնի նման արտիստի: Շահելու՞, թե՞՝ կորցնելու է մեր պետությունը»:
Հարցը երկար ժամանակ բաց էր մնում, սակայն հանգուցալուծումը գտավ ինքը՝ Ռազմիկ Մարուքյանը՝ հայտարարելով, որ կողմ է բանակում ծառայելուն:
«Այո՛, հիմա ժամանակն է Հայրենիքիս ծառայելու։ Ու ես դա հպարտությամբ կանեմ...», - գրել է Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում:
Նրա մայրը «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց, որ Ռազմիկի պարային մարզական տվյալները կպահպանվեն միայն այն դեպքում, եթե նրան թույլ տան մասնակցել Օպերայի և բալետի ազգային-ակադեմիական թատրոնի փորձերին ու ներկայացումներին, իսկ համույթում ծառայելը, նրա խոսքով, միայն որոշ չափով կարող է լուծել խնդիրը:
«Հենց զինվորական կոշիկները կվնասեն նրա ոտքերը, վերքերի կբերեն», - նշեց մայրը:
Ի դեպ, Ռազմիկ Մարուքյանը մասնակցել է 2017թ. Բրյուսելում կայացած «Արաբեսկ» միջազգային մրցույթին, որտեղ գրավել է 1-ին տեղը: Մի առիթով Ռուսական թատրոնի բալետմայստեր Յուրի Մայորովը նրան համարել է 2-րդ Ցիսկարձե։
Վերջերս էլ ԱՄՆ-ի Ջեքսոն քաղաքում չորս տարին մեկ անցկացվող INTERNATIONAL BALLET Competition մրցույթի ժյուրին նրան շնորհել է «Ժյուրիի համակրանք» մրցանակը: Ընդգրկված էր Մոսկվայի Մեծ թատրոնում կայանալիք «Գայանե» բալետային ներկայացման մեջ՝ Գիքոյի դերապարով, որի մասնակցությանը խոչընդոտեց ընդհանուր հիմունքով նրա բանակ զորակոչվելու հրամանը։