Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանության պաշտոնատար անձինք առանձնապես խոշոր չափերով յուրացումներ են կատարել

Պաշտոնական

Քրեական գործ է հարուցվել ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու փաստով   ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում անցկացված ծառայողական քննության նյութերի հիման վրա քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված` ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ: Այսպես, ծառայողական քննության նյութերում առկա են փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության  Իջևանի պահպանության բաժնի հաշվապահ Լ. Ա.-ն 2016 թվականի հունվարի 1-ից 2018թ. մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում իրեն, բաժնի պետին և բաժնի  այլ աշխատակիցների հավելագրել է օրենքով սահմանված ամսական աշխատավարձի դրույքաչափից ավել գումար, որի արդյունքում բաժնի աշխատակիցներին ընդհանուր առմամբ 38.493.681 ՀՀ դրամ ավել է վճարել: Բացի այդ, Լ. Ա.-ն 2017թ. մայիս-օգոստոս ամիսների ընթացքում, կատարելով ոստիկանության ՊՊԳ վարչության Դիլիջանի բաժանմունքի հաշվապահի պարտականությունները, իրեն հավելագրել է օրենքով սահմանված ամսական աշխատավարձի դրույքաչափից ավել գումար, որի արդյունքում իրեն ավել է վճարել  4.522.448 ՀՀ դրամ գումար: Նախաքննության ընթացքում Լ. Ա.-ն բացատրություն է տվել այն մասին, որ Դիլիջանի բաժանմունքում իրեն ավել աշխատավարձ է վճարել բաժանմունքի պետի ցուցումով և գումարը կանխիկացնելուց հետո այն ամբողջությամբ հանձնել է վերջինիս:  Հափշտակված գումարը ծառայողական քննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է: Կատարվում է նախաքննություն:   Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: