Մենակատարին մոսկովյան հյուրախաղերից առաջ տանում են բանակ (տեսանյութ)
Մոսկվայում վաճառվել են «Գայանե» բալետի բոլոր տոմսերը։ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը Մոսկվայի Մեծ թատրոնում «Գայանե»-ն ներկայացնելու է հուլիսի 24-ին։ Վերջին անգամ այս բալետը ներկայացվել է 60 տարի առաջ, իսկ մեր թատրոնի դերասանները վերջին անգամ հյուրախաղերով 25 տարի առաջ են եղել Մոսկվայի Մեծ թատրոնում: Գեղավերստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանն ամփոփեց 85-րդ հոբելյանական թատերաշրջանը և ներկայացրեց աշխատանքները, անդրադարձավ առաջիկա, մասնավորապես՝ Դուբայի և Քուվեյթի հյուրախաղերին և պրեմիերաներին։ Նա խոսեց նաև առկա խնդիրների և իր անձնական ներդրումների մասին։ «Կախարդական սրինգ», և «Կարմեն» օպերաների նոր բեմադրությունների համար թատրոնը որևէ «կոպեկ» չի ծախսել: Սա բացառապես Օրբելյանի և նրա ընկերների կողմից արված ներդրումներն են։ «Ա1+»-ի հարցին, թե ինչպե՞ս է լուծվելու 18 տարին լրացած պարային մենակատարների բանակ զորակոչվելու հարցը, Օրբելյանն ասաց, որ աշխատանք տարվում է այդ ուղղությամբ, բայց պատասխան դեռ չունեն: Նա մասնավորապես խոսեց միջազգային մրցանակների դափնեկիր մենապարող Ռազմիկ Մարուքյանի մասին, որը վաղը պետք է զորակոչվի բանակ, այնինչ նա ընդգրկված է «Գայանե» բալետային ներկայացման հյուրախաղերում: Այսօր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Արշակ Բ» ներկայացումից առաջ կայացավ Արշակ Բ հայկական առաջին օպերայի 150 ամյակին նվիրված մեկ նամականիշով փոստային բացիկի մարման հանդիսավոր արարողությունը: Իսկ Արշակ Բ-ի դերում հանդես է գալու Բարսեղ Թումանյանը։