Սեւանի հոգեբուժարանի՝ արդեն կառուցված պարսպի համար մրցույթ է հայտարարվել (տեսանյութ)
Սեւանի հոգեբուժական հիվանդանոցի տնօրինությունը հիվանդանոցի տարածքի՝ արդեն կառուցված պարսպի կառուցման մրցույթ է հայտարարել եւ կառուցապատողի հետ պայմանաագիր է կնքել հունիսի 21-ին:
Մինչդեռ հունիսի սկզբին արված տեսանյութում երեւում է, որ հիվանդանոցի ամբողջ տարածքը արդեն պատված է նոր պարսպով: Ըստ սեւանցիների, պարիսպը կառուցվել է առնվազն վեց ամիս առաջ:
Ինչ են «ասում» փաստաթղթերը։
«Ա1+»-ի ձեռքի տակ հայտնված տեղեկանում ենք, որ այս տարվա հունիսի 19-ին պարսպի կառուցման աշխատանքները դեռ սկսված չպետք է լինեին:
Այդ օրը հիվանդանոցի գնումների համակարգող Լանա Դավթյանը նախօրոք ՍՀՀ-ԳՀԱՇՁԲ 18/01 ծածկագրով հայտարարված մրցույթի մասնակից 13 շինարարական կազմակերպություններին գրություն է ուղարկել՝ հրավիրելով նրանց գների նվազեցման նպատակով բանակցությունների:
Մինչ այդ մրցույցին մասնակցող «ԱնդրեասյանՇին» ՍՊԸ-ն եւ «Դավարտ» ՍՊԸ-ն շինարարական աշխատանքների իրականացման համար միեւնույն գնային առաջարկն էին ներկայացրել՝ 1650000-ական դրամ: Արդեն հունիսի 21-ին տեղի ունեցած բանակցությունների արդյունքով հաղթող է ճանաչվել «Բարեշեն տանիք» ՍՊԸ-ն, որը պատրաստակամություն էր հայտնել պարիսպը, որը փաստացի կա, կառուցել 16400000 դրամով:
Բանակցություններից անմիջապես հետո այս ընկերության հետ համապատասխան պայմանագիր է կնքվել: Ի դեպ, «Բարեշեն տանիք»-ի փաստացի սեփականատերը Սեւանի տարածաշրջանի Ծովագյուղ համայնքի ղեկավար Վահրամ Գեւորգյանն է, որը, ըստ սեւանցիների, հոգեբուժարանի տնօրեն Գագիկ Կարապետյանի հետ երկարամյա գործընկերային հարաբերությունների մեջ է գտնվում:
Կառավարության 2015թ. հուլիսի 2-ի 815 Ն որոշման համաձայն Սևանի ԲԿ-ի նոր շենքի կառուցումից հետո նախկին շենքն իր տարածքով հանձնվելու է Սևանի հոգեբուժական հիվանդանոցին։ Այս շենքը, տարածքի հետ միասին, գտնվում է լճի ափամերձ հատվածում ՝ հանգստյան գոտու հարեւանությամբ:

