ԳԵՐՄԱՆԱՀԱՅ ԻՄԻՋՄԵՅՔԵՐԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՄԻՋԻ ՄԱՍԻՆ
Աջակցիր «Ա1+»-ին«Ավանդական զուռնա-դհոլ եւ ազգային պարեր ներկայացնելու փոխարեն, պետք է աշխարհին ներկայացնենք հինը նորի մեջ, օրինակ` հայ եկեղեցու կարծիքը ՁԻԱՀ-ի մասին կամ Նարեկացին համադրել ջազի հետ»,- ասում է Գերմանիայից ժամանած ազգությամբ հայ իմիջմեյքեր Վազրիկ Բազիլը: Վերջինս հայտնի է նրանով, որ Գերմանիայի քաղաքական մի շարք գործիչների ճառագիրն է եղել եւ ընդհանրապես` գերմանախոս Ճառագիրների միության հիմնադիրներից մեկը: Նա առաջին անգամ է Հայաստանում եւ այսօր «Ուրբաթ» ակումբում խոսում էր, թե ինչպես պետք է Հայաստանը ներկայանա միջազգային հանրությանը.
«Արտասահմանցիները տարբերություն չեն տեսնում մեր, վրացական եւ թուրքական երաժշտության միջեւ, այդ պատճառով մենք պետք է ազգայինից խուսափենք»,- ասում է Բազիլը: Նա հիշեց մի միջադեպ. «Գերմանիայում մի հայաստանցի կին ինձ ասաց, որ իրենք ուզում են Մատենադարանից ձեռագրեր բերել եւ այդպես ներկայանալ: Ես կարծում եմ, որ այս ձեւը սխալ է»: Վազրիկ Բազիլի համոզմամբ ներկայանալուց առաջ պետք է ճանաչել հասցեատիրոջը, ծանոթ լինել նրա մտածելակերպին: «Լուսանկարների միջոցով կարելի է հայ եկեղեցու փոխարեն ներկայացնել Հայաստանի կանգառները կամ Երեւանի շենքերը»,- ասում է Վազրիկը:
Լրագրողներից մեկի այն հարցին, թե աշխարհին կարելի՞ է ներկայանալ ժամանակակից նկարիչների գործերով, Բազրիկն այսպես պատասխանեց. «Հայ նկարիչները պետք է աշխարհին արվեստ ներկայացնեն, ոչ թե հայ ժողովրդի պատմությունը: Մեր նկարիչները «Մասիս»-ներով են ներկայանում եւ արվեստի մասին մոռանում են»: