Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԿՈՆ ՈՒՆԻ 8-րդ ՏԵՂ ԵՒ ԻՐ ԱՆՈՒՆՈՎ ԿՂԶԻ

Մշակույթ

Մայիսի 12-ին «Եվրատեսիլ 2007» երգի մրցույթում Հայաստանը 138 միավորով զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը: Այն ներկայացնում էր Հայկոն, որն այսօր վերադարձավ Երեւան եւ հանդիպեց լրագրողների հետ:

«Մենք, կարող եմ ասել, շատ մոտ էինք հաղթանակին, սակայն ինչ-ինչ պատճառներով դա չհաջողվեց, մենք պետք է գտնենք հաղթանակի ճիշտ ճանապարհը, ես փորձում էի բարձր պահել հայրենիքի պատիվը: Մենք մի օր կհասնենք հաղթանակի եւ կգրավենք առաջին տեղը: Այդ օրը, կարելի է ասել, մենք հաղթեցինք, որովհետեւ ոչ-ոք չէր խոսում զբաղեցրած տեղի մասին, այլ խոսում էին մեր կատարման մասին: Սա ամենալուրջ հնարավորությունն է որպես երգիչ քո երկիրը ներկայացնելու համար, թեեւ սկզբում ես ուղղակի գնում էի ելույթ ունենալու»,- «Եվրատեսիլ»-ից ոգեւորված ասում է Հայկոն:

Հանրային հեռուսաընկերության գործադիր տնօրեն Արմեն Արզումանյանն ասաց, որ «Եվրատեսիլ» մրցույթն իր ուրույն տրամաբանությունն ունի եւ բոլորս էլ հասկանում ենք, որ մենք այդ մրցույթի մասնակցության շատ քիչ փորձ ունենք: Նրա խոսքերով` Հայկոյի հաղթանակը եւս մեկ անգամ մեզ մոտեցնում է բացարձակ հաղթանակի: «Մենք գոհ ենք արդյունքից, բայց լիովին բավարարված չենք, մենք գնում էինք հաղթելու եւ միշտ էլ գնալու ենք հաղթելու»,- ավելացրեց Արմեն Արզումանյանը:

Հայկոյի խոսքերով` Ֆինլանդիայի հայ համայնքը շատ փոքր է, ընդամենը 20 ընտանիք, բայց բավականին կիրթ, զարգացած մարդիկ` բժիշկներ, դասախոսներ: Տեղի հայ համայնքը մի փոքրիկ կղզի կոչել է Հայկոյի անունով:

Մրցույթում 8-րդ տեղը գրավելը Հայկոն մեկնաբանում է այսպես. «Ցավոք, մրցույթին մասնակցող 40 երկրներից մեզ ձայն է տալիս նրանց կեսը, իսկ եթե մնացած կեսից մենք ստանանք միջին միավորներ, մենք կհաղթենք: Պրոբլեմն այն է, որ մեզ ձայն չեն տալիս Հյուսիսային եւ Արեւմտյան երկրները, որովհետեւ ճաշակները խիստ տարբեր են, պետք է գտնվի այնպիսի բանաձեւ, որ միավորի բոլորին»:

Հայկոն պատրաստվում է Հայաստանում հանդես գալ մենահամերգներով, եւ որոշել է նոր երգ գրել հաջորդ տարվա «Եվրատեսիլ»-ի համար, սակայն այս անգամ այն կներկայացնի ուրիշ երգիչ, որը միանգամից կմասնակցի մրցույթի եզրափակիչ փուլին: