«Նկարիչների տունը՝ նկարիչներին». բողոքի ակցիա՝ Նկարիչների միությունում (տեսանյութ)
Նկարիչների մի խումբ այսօր բողոքի ցույց է կազմակերպել Նկարիչների միությունում։ Նախաձեռնողը նկարիչ Խաչիկ Հարությունյանն է։ Ցույցի մասնակիցները պահանջում են միության նախագահ Կարեն Աղամյանից նկարիչներին վերադարձնել նկարիչների տունը։ «30 տարի միության անդամ եմ, երկու օր առաջ ինքնակամ հեռացրեց ինձ միությունից, -բողոքում է Խաչիկ Հարությունյանը։ -Հինգ տարի է իմ նկարները խմբակային ցուցադրություններից հանում են, էլ չեմ ասում՝ անհատական ցուցահանդեսի մասին, որ չեմ կարողանում կազմակերպեմ»։ Նկարչի խոսքով, միջազգային ցուցադրություններին մեր լավագույն նկարիչները չեն մասնակցում, նույնիսկ չեն էլ տեղեկանում հրավերների մասին. «Կարեն Աղամյանը միայն իր ու իր մոտիկների նկարներն է ցուցադրում։ Նա Միությունը ծառայեցնում է իր նպատակներին։ Կանոնադրություն է փոփոխել երկու-երեք անգամ, որը մեզանից որևէ մեկը չի տեսել, տարածքներ է վարձակալությամբ տալիս, վաճառում, իսկ գումարները ինքը միայն գիտի, թե ինչ է անում»,- ասում է Խաչիկ Հարությունյանը։ «Առանց միության՝ նկարիչները չեն կարող, սա մեր տունն է, բայց այնքան է աղտոտվել, որ նկարիչներից շատերը ամիսներով այստեղ ոտք չեն դնում», - դժգոհում է «Աշխարհի հայ նկարիչների միության» նախագահ Ղազար Միրզոյանը՝ հավելելով,- թող լինի տաս-տասնհինգ հոգուց կազմված գեղարվեստական խորհուրդ և մեկ կոմերցիոն տնօրեն։ Քայլն արեցինք, հիմա պետք է ստեղծել նախաձեռնող խումբ, որը գործը առաջ կտանի։ Քայլ անող հզոր տղաներ կան։ Իշխանությունը նոր սերունդին պետք է հանձնել ու թող նրանք էլ կառավարեն միությունը»։ Երիտասարդ նկարիչ Լևոն Աբրահամյանը համոզված է, որ քայլը անխոս պետք է կատարվի, բայց պետք է կատարվի ավագ սերնդի հետ ձեռք- ձեռքի տված։ Ցույցին ներկա նկարիչները որոշում կայացրին ստորագրահավաք կազմակերպել, սպասել միության նախագահի գործուղումից վերադարձին, ժողովի օր որոշել ու օր առաջ արտահերթ ընտրություններ կազմակերպել։