ՀՖՖ-ն «Շիրակ» ակումբի երկու թիմին հանեց առաջնությունից
Այսօր կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը: Կոմիտեի որոշմամբ «Շիրակ-2» ֆուտբոլի թիմը եւ «Շիրակ» ֆուտզալի թիմը դուրս են հանվել Հայաստանի առաջնություններից, քանի որ երկրորդ անգամ չեն ներկայացել հանդիպումներին: «Շիրակ» ֆուտբոլային ակումբը տուգանվել է համապատասխանաբար 500000 եւ 100000 դրամով: Ի դեպ, անցած շաբաթվա ընթացքում չեն կայացել նաեւ պատանեկան առաջնության մի քանի հանդիպումներ: Սակայն զարմանալին այն է, որ կարգապահական կոմիտեն տարբեր տուգանքներ է սահմանել դրանց համար: Մասնավորապես՝ «Ադանա-01» - «Արարատ-Մոսկվա-01» խաղը չկայանալու համար Չարենցավանի մանկապատանեկան մարզադպրոցը տուգանվել 10հազար դրամով, իսկ ահա «Գանձասար-Երևան-04» - «Շիրակ-1-04» չկայացած հանդիպման համար «Շիրակ» ֆուտբոլային ակումբը պատժվել է 50 հազարով, չնայած երկու դեպքում է կիրառվել է ՀՖՖ կանոնակարգի 18-րդ հոդվածի 4-րդ կետը: Հետեւաբար հարց է ծագում. ի՞նչ սկզբունքներով կամ փաստերով են առաջնորդվում նիստի մասնակիցները, երբ նույն հոդվածի նույն կետի համար տարբեր որոշումներ են ընդունում: