Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՖԱՇԻԶՄԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՌՈՔԻՆ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ

Մշակույթ

«Ա1+»-ը նամակ էր ստացել, որ այսօր երեկոյան «Ստոպ» ակումբում կայանալու է ֆաշիստական գաղափարախոսություն տարածող ռոք խմբի համերգը: Նամակի հեղինակները խնդրում էին կանխարգել այդ աղետը: Փորձելով ճշտել նամակի իսկությունը` պարզեցինք, որ խոսքը «Ռեինկառնացիա» խմբի մասին է եւ խմբի տղաներն անակնկալի եկան նման որակումներից:

Մի խումբ քաղաքացիների կողմից գրված նամակում ասվում է, որ «հատկապես մայիսի 11-ին ֆաշիզմի դեմ տարած հաղթանակից հետո ֆաշիզմի գաղափարախոսությունն անընդունելի է»:

Մենք խոսեցինք «Ռեինկառնացիա» խմբի մեներգչի հետ, ով որպես սադրանք ընդունեց այդ որակումը: «Ռեինկառնացիան սեր, երջանկություն է երգում, սակայն ոչ երբեք ֆաշիստական գաղափարախոսություն: Մեր երգերը հայրենիքի մասին են»,-մեզ հայտնեց Ռոլանդը: Նա նաեւ ասաց, որ իրենց լսարանը մինչեւ 40 տարեկաններն են եւ իրենք ագրեսիվ երգեր չեն երգում:

«Ստոպ» ակումբի տնօրինությունը, որտեղ խմբի անդամների համերգն է լինելու, մեզ հավաստիացրեց, որ նախկինում էլ է «Ռեինկառնացիան» ելույթ ունեցել իրենց ակումբում եւ արտառոց ոչ մի բան չի եղել. խմբի երգերը բարի են, երկրպագուներն էլ իրենց արտառոց չեն պահում:

Իսկ խմբի մենեջեր Արթուրը զարմանում է, թե որտեղից կարող է ծագել նման ենթադրությունը: Այնուամենայնիվ, խմբի անդամները խորհուրդ են տալիս այցելել իրենց, լինել իրենց համերգներին եւ համերգից հետո անպայման կլսեն իրենց կարծիքը: