Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՎԵՍՏԸ ՎԱՏ ՎԻՃԱԿՈՒՄ Է

Մշակույթ

«Ինձ չի գոհացնում մշակութային այն մթնոլորտը, որ տիրում է մեզանում: Անեկդոտային էստետիկան, խաղարկային արվեստը փոխարինվել են գռեհիկությամբ, այսօր անեկդոտը փոխել ենք կոմեդիայի ժանրի հետ: Գռեհիկությունը եւ անտակտությունը խառնվել են ազատ խոսքի հետ»,- մշակույթի այսօրվա վիճակից խիստ դժգոհում է ռեժիսոր, բեմադրիչ Վիգեն Չալդրանյանը:

Նրա խոսերով՝ երբ մշակույթի պատվիրողը դառնում է ամբոխը, իսկ ժողովուրդը եւ ամբոխը դրանք շատ տարբեր բաներ են, շուկայական հարաբերությունները խառնվում են բազարայինի հետ:

Ըստ Վիգեն Չալդրանյանի՝ այսօր մենք տարրերային մի ընթացք ունենք, որը գուցե բնականոն է, բայց իր համար անընդունելի, որովհետեւ մեր ազգը միշտ հետեւել է հոգեւոր արժեքների հարստացմանը: Ռեժիսորի համար շատ անհասկանալին է, երբ հանրային հեռուստաընկերության կողմից կարող են հնչել բառեր, որոնք փոխարինում են համարձակության եւ անբռնազբոսության հետ: «Արվեստը պետք է տարբերվի փողոցից»,- նշում է Չալդրանյանը եւ ավելացնում. «Ուրիշ բան է, երբ դու պատկերում ես փողոցը, բայց երբ դա դառնում է կրթօջախի պես մի բան` անընդունելի է: Երբեմն մենք փորձեցինք ծաղրել այս կամ այն բաները, սակայն մոռացանք, որ այս ծաղրանքը դարձավ դասընթացի պես մի բան: Մենք նույնիսկ մեր գովազդների մեջ մեր ապրանքը վաճառելու համար դուրս ենք գալիս թույլատրելի սահմաններից՝ չհասկանալով, որ այսօր հեռուստատեսությամբ սերունդ է կրթվում»:

Վիգեն Չալդրանյանն իրեն համարում է միակ կինոգործիչը, որը չի լքել հայրենիքը դժվարին տարիներին, եւ շարունակել է նկարահանել ֆիլմեր, որոնք 5-ն են: Ըստ նրա՝ այսօր էլ հեշտ չէ հայ կինոյի, հայ արվեստի վիճակը եւ յուրաքանչյուր քաղաքացի է պատասխանատու մեր երկրի արվեստի համար:

Վիգեն Չալդրանյանի վերջին ֆիլմերն են «Լռության սիմֆոնիա»-ն եւ «Քրմուհի»-ն: Ըստ արվեստագետի՝ հայ կինոյի ապագան կապված է մեր երկրի ապագայի հետ: Մեր արվեստագետները չեն ուրախանում մեկը մյուսի հաղթանակներով, այլ ուրախանում են մեկը մյուսի պարտությամբ, կարծում է ռեժիսորը:

Վերջինս գոհ չի այսօրվա հայկական կինոնկարներից: Մեր ֆիլմերը հիմա ավելի շատ ցուցադրվում են արտերկրում, քան Հայաստանում: Վիգեն Չալդրանյանը հետագայի համար արդեն ունի գրած 4 սցենար, եւ թատրոնի 2 բեմադրություն: Դժվարանում է ասել, թե որը կիրականացվի առաջինը, որովհետեւ դա կախված է ֆինանսական ներդրումներից: