Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նորակերտի համայնքային հողերն օտարվում են. բողոքի ակցիա (տեսանյութ)

Հասարակություն
Norakert

Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի բնակիչներն առավոտից բողոքի ակցիա են անում։ Նրանք արդեն 16 տարի համայնքը ղեկավարող Շահեն Կարապետյանից պահանջում են հրապարակել համայնքի վերջին 10 տարիների բյուջեի հաշվետվությունը և  համայնքին վերադարձնել հանրային նշանակության անշարժ գույքը, որն օտարվել կամ վաճառվել է օրենքի խախտումներով։ «Բոլորն օրենքով է արված, ավագանին որոշել է, մենք վաճառել ենք, քանի որ վթարային շենքեր են եղել»,- նշում է գյուղապետ Շահեն Կարապետյանը։ «Մենք իրեն ընտրեցինք, որ մեր ապրելակերպը ինչ-որ ձև բարելավի, լավանա, բայց վատացավ»,- ասաց համայնքի բնակիչ Ավետիք Սահակյանը։ Նախկին գյուղապետարան, բուժարան, մանկապարտեզի հարակից տարածք.վթարային հանդիսացող այս շենքերը գնել են գյուղապետի որդին և քրոջորդին։ Իսկ վաճառքի մասին բնակիչները, ինչպես իրենք են նշում, պատշաճ տեղեկացված չեն եղել։Ավելի քան 600 հոգի ստորագրել են գյուղապետին ու ավագանու անդամներին ուղղված բողոքի տակ, սակայն հետո հրաժարվել են դրանից։ Արդեն 5 տարի է, ինչ չի գործում գյուղի միակ մանկապարտեզը։ Գյուղապետ Շահեն Կարապետյանը հստակ թիվ չասելով նշեց, որ պետական բյուջեից մոտավորապես 45 միլիոն դրամ է հատկացվել դրա վերանորոգման համար, որն ընթանում է մոտավորապես արդեն 4 տարի։ «Ես մի տղա ունեմ ինքը գնում է Այգեկ մանկապարտեզ, որովհետև այստեղ փակ է։ Մեքենայով ենք տանում, բայց շատերը հնարավորություն չունեն տաքսիով են տանում»,- պատմեց համայնքի բնակիչների մեկը։ Համայնքի բնակիչները դեռ չեն պահանջում գյուղապետի հրաժարականը, սակայն պահանջները չկատարելու դեպքում նրան և ավագանու անդամներին չեն պատրաստվում ընդունել որպես համայնքի ղեկավարներ։