Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շիրակի» նկատմամբ մեղմ որոշում է կայացվել». Ռուբեն Հայրապետյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Սպորտ
ruben-hayrapetyan

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը կարծում է, որ ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն բավական մեղմ որոշում է կայացրել «Շիրակ» ակումբի նկատմամբ, որի աշխատակիցը փորձ է արել պայմանավորված խաղ կազմակերպել: «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան «Բանանցից» նամակ է ստացել, որին, բնականաբար, ընթացք է տվել: Կարգապահական կոմիտեն ամենանվազագույն պատիժն է տվել «Շիրակին», որովհետեւ լավ գիտեք, թե ինչպես են վերաբերվում նման հարցերին ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն: Դեռ չգիտենք, թե ինչ որոշում կարող են կայացնել նաեւ վերջինները: Բոլորս էլ հասկանում ենք, թե ինչ է կատարվել, եւ չկա մի մարդ, որը համոզված չէ, որ «Շիրակն» ամենամեղմ պատիժն է ստացել», - այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին նշեց ՀՖՖ նախագահը: Այն հարցին, արդյոք ավելի ճիշտ չէր, որ այդ գործով զբաղվեին իրավապահ մարմինները, Ռուբեն Հայրապետյանն ասաց.  «Մենք գործ ունենք երկու ֆուտբոլային ակումբների, անձերի միջեւ տեղի ունեցած դեպքի հետ: Եթե իրավապահ մարմինները գտնում են, որ դրանում կան նաեւ քրեական տարրեր, ապա իրենք կարող են զբաղվել այդ հարցով: Ֆեդերացիան պատրաստ է տրամադրել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ու տեսանյութերը»: Խոսելով Յուրա Մովսիսյանին կրկին հավաքական հրավիրելու մասին, ՀՖՖ նախագահն ասաց, որ ինքը այդ հարցը լիովին վստահել է հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին, որը նաեւ իր սանիկն է. «Այն, թե ովքեր եւ ինչու են հրավիրվել հավաքական, ցանկալի կլինի այդ հարից դիմել գլխավոր մարզչին: Եթե իմ անձնական կարծիքն եք ցանկանում իմանալ, ապա հրավիրվածների մեջ կան մի քանի խաղացողներ, որոնց պետք է չհրավիրվեին հավաքական»: Ռուբեն Հայրապետյանը, ավաղ, կոնկրետ անուններ չտվեց: