«Ես պատրաստ եմ ՀՀ անունից բանակցել Ադրբեջանի նախագահի հետ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ օրն անցել է հագեցած։ «Երթով գնացել ենք Հայրենական մեծ պատերազմի և արցախյան պատերազմի զոհերի հիշատակի հուշահամալիր՝ հարգանքի տուրքը մատուցելու, այնուհետև եղանք Շուշիում, անցկացրինք բանակցություններ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ հատուկ կարևորություն են տալիս Հայաստանի և Արցախի Հանրապետությունների հարաբերություններին, և կասկած չկա, որ այդ հարաբերությունները կզարգանան բնականոն հունով։ Նա հույս ունի, որ նոր շունչ կտրվի Արցախի հանրապետության միջազգային ճանաչմանը։ «Այսօրվա քննարկումների արդյունքում համոզվեցինք, որ անվտանգության ապահովման վերաբերյալ կլինի արդյունավետ համագործակցություն և այն կլինի Կառավարության ուշադրության կենտրոնում»։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ եթե միջազգային հանրությունը, այդ թվում Ադրբեջանը, ուզում են լուծել Ղարաբաղի հարցը, ապա անտրամաբանական է, որ այդ հարցը քննարկվի մի ֆորմատով, որով այդ հարցը չի կարող լուծվել. «Ինչպե՞ս կարող է բանակցային այս ֆորմատը լուծել մի հարց, որի առանցքային մասնակիցներից մեկն այս ամենին չի մասնակցում։ Արցախի հանրապետության անունից պետք է հենց արցախյան կողմը խոսի և բանակցային լիարժեք կողմ լինի։ Նա նաև նշեց, որ միջազգային հանրությունը պետք է արձանագրի, որ Հայաստանի և Արցախի Հանրապետությունները ռազմատենչ հռետորիկայի առաջ չեն ընկրկի, առավելևս հիմա, երբ ժողովուրդն ու ազգը միասնական է։ Նիկոլ Փաշինյանը արցախյան խնդրի լուծման կարևոր բաղադրիչ է համարում ձևաչափի ճիշտ ընտրությունը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ պատրաստ է Հայաստանի Հանրապետության անունից բանակցել Ադրբեջանի նախագահի հետ, բայց Արցախի անունից պետք է բանակցի Արցախի նախագահը։