Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմեն Սարգսյանի տպավորությամբ՝ Սերժ Սարգսյանը  երկիրը լքել չի պատրաստվում (տեսանյութ)

Քաղաքականություն
nyut-09

Նախարարների ժամանակավոր պաշտոնակատարներն ու այլ  պաշտոնյաներ  «Հաղթանակ» զբոսայգում ծաղիկներ դրեցին եւ մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայրենական մեծ պատերազմի և արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակը: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն էլ անմար կրակի մոտ հոգեհանգստի աղոթք կարդաց: Նրանք  լրագրողների հարցերին չպատասխանեցին: Լրագրողներին մոտեցավ  միայն  նախագահ Արմեն Սարգսյանը, շնորհավորեց եւ հայտարարեց՝ այսօր նոր հանրապետության առաջին օրն է:   «Մեր երկրում երեկվանից շատ բան է փոխվել։ Այսօր մենք ունենք նոր վարչապետ, երիտասարդները, ժողովուրդը հույսեր ունեն, որ վաղն ավելի լավ է լինելու, քան՝ երեկ»: Նախագահը հուսով է՝ Նիկոլ Փաշինյանը կարդարացնի սպասելիքները:  «Փաշինյանը տաղանդավոր մարդ է»,-ասում է ՀՀ նախագահն ավելացնելով, որ  իրենք հարգալից հարաբերություններ ունեն, և ինքը՝  որպես նախագահ, ներդրում կունենա, որ կառավարությունը հաջողության հասնի: Հակառակ դեպքում՝ անիմաստ կլինի ողջ շարժումը: Արմեն Սարգսյանը  խոստանում է՝  իր հերթին ամեն ինչ անել,  որ  օրենքները գործեն: «Անարդարության,  կոռուպցիայի, բարեկեցության խնդիրները պետք է նոր կառավարությունը լուծի, իսկ անհատների գնահատականը կտա Աստված»: ՀՀ նախագահը  չի կարեւորում, թե իրեն ով է առաջադրել եւ ընտրել։  Նա մարտի  2-ին  ընտրվել էր  90 կողմ, 10 դեմ եւ 1 ձեռնպահ  ձայների հարաբերակցությամբ։  «Իմ թեկնածությունն առաջադրել է երրորդ նախագահը։ Ես պատրաստ եմ, ծառայում եմ իմ երկրին, եթե լավ ծառայեմ, ուրեմն լավ նախագահ եմ, եթե լավ չծառայեմ, ուրեմն լավ նախագահ չեմ»։ Արմեն Սարգսյանի տպավորությամբ՝ Սերժ Սարգսյանը  երկիրը լքել չի պատրաստվում. «Սերժ Սարգսյանի հետ մի քանի օր առաջ եմ հանդիպել, թեյ ենք խմել, զրուցել հայաստանյան իրադարձությունների մասին»: Ավելի ուշ Հաղթանակի զբոսայգի եկան ընդդիմության ներկայացուցիչները: Ժողովրդի մեջ արթնացած հույսերը դեռ իրագործված չեն, ասում է ՀԱԿ փոխնախագահը։ «Ժողովրդին իրականում շնորհավորելու առիթը կլինի այն ժամանակ, երբ Հայաստանում անցկացվեն ազատ ընտրություններ եւ ընդունվեն բոլոր ուժերի, հասարակության շրջանում»: ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը եւս համոզված է.  «Պետք է անցկացվեն ազատ արդար ընտրություններ»: Հայ ազգային կոնգրեսը շնորհավորել է  Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու առիթով։ Իսկ ե՞րբ կշնորհավորի Առաջին նախագահ  Լեւոն Տեր-Պետորոսյանը։ «Դուք գիտեք այդ հարցը ինչ հասցեով կարող եք ուղղել: Առաջին Նախագահն այն մարդն է, ով շատ լավ գիտի, թե երբ է պետք դիմել ժողովրդին: Նա հազվագյուտ է դա անում, բայց երբ անում է, այն ունենում է բարձրագույն արդյունք»,-եզրափակեց Լեւոն Զուրաբյանը: