«Շիրակ» ֆուտբոլային ակումբը բացում է փակագծերը
«Շիրակ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հերթական հայտարարությամբ: Այն անմիջականորեն կապված չէ վերջերս Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի կողմից կայացրած որոշման հետ, որում ակումբին մեղադրել են պայմանավորված հանդիպում կազմակերպելու մեջ եւ պատժել 12 միավորով: «Շիրակը» պաշտոնապես պատասխանել է «Լոռի» ՖԱ նախագահ Թովմաս Գրիգորյանին, որը դատապարտել է պայմանավորված խաղերի կազմակերպումը եւ կոչ է արել զերծ մնա նման մտահղացումներից: Սակայն այդ հայտարարությունը լույս է սփռում պայմանավորված խաղերի հետ կապված նոր խնդիրներ: Ահա «Շիրակի» այսօր հրապարակած հայտարարությունը. «Ծանոթանալով «Լոռի» ՖԱ նախագահի տարածած հայտարարությանը՝ ցավով պետք է փաստենք, որ պարոն Գրիգորյանը չի տիրապետում իր իսկ Ակումբի ֆուտբոլիստներին վերաբերվող պատմություններին։ Մենք համակարծիք ենք, որ նման դեպքերը արատավոր են, սակայն բոլոր նման միջադեպերը պետք է հանգամանալից ուսումնասիրել՝ հետագայում կանխելու համար։ «Լոռի» ՖԱ-ի դարպասապահ Գոռ Էլազյանը, որը խայտառակ ձեւով հեռացվել է «Շիրակից»՝ պայմանավորված խաղում մեղադրվելու համար, առ այժմ շարունակում է հաջողությամբ հանդես գալ «Լոռիում»: «Շիրակը» ունենալով նման կասկածներ դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, որը երկար ժամանակ հրաժարվել է Ակումբին տրամադրել իրենց մոտ եղած ապացույցները՝ զրկելով ակումբին չեմպիոնությունից։ Ի դեպ, պարոն Գրիգորյան, լինելով ՀՖՖ գործկոմի անդամ, դուք կարող եք դիմել ՀՖՖ եւ ստանալ ՈՒԵՖԱ-ի կողմից անցկացված հետաքննության արդյունքները։ Նշենք նաեւ, որ ՀՖՖ տիրապետում է ինֆորմացիայի, ըստ որի կասկածելի խաղերում ներգրավված է եղել նաև «Բանանցի» տխրահռչակ ֆուտբոլիստ Էդվարդ Կպոդոն։ Մինչ նման հայտարարություն տարածելը, խորհուրդ կտայինք Ձեզ զբաղվել Ձեր ակումբով, եւ անհիմն չմեղադրել «Շիրակ» Ակումբին։ Կոչ ենք անում բոլորին լրջանալ եւ կենացային հայտարարություններով հանդես չգալ՝ այս կարևոր թեմայի շուրջ։ Եվ ընդհանրապես սխալ ժամանակ եւ թեմա եք ընտրել PR-ի համար…»: Սույն հայտարարությունը վկայում է այն մասին, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դեռ շատ անելիքներ ունի՝ պայմանավորված խաղերի դեմ պայքարելու հարցում: Ի դեպ, ՖԻՖԱ-ն 2013 թվականից գործարկել է հատուկ կայք, որը զբաղվում է հենց այդ խաղերի բացահայտմամբ: