«Ալաշկերտը» եւ «Գանձասար-Կապանը» մտան եվրոգավաթներ (տեսանյութ)
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում այսօր կայացան 27-րդ տուրի հանդիպումները:
Մրցաշարի միանձյա առաջատար Գյումրիի «Շիրակը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով վստահ հաղթեց Երեւանի «Բանանցին»: Գոլերի հեղինակ դարձան Մուսա Բակայոկոն եւ Սոլոմոն Ուդոն
Առաջատարից երեք միավոր հետ մնացող Երեւանի «Ալաշկերտը» մրցակցի հարկի տակ 3:2 հաշվով կամային հաղթանակ տարավ առաջնության ետնապահ «Արարատի» նկատմամբ: Գեւորգ Օհանյանի եւ Դավիթ Մինասյանի խփած գոլերին ալաշկերտցիները պատասխանեցին Սանի Օմորեգիեի, Միհրան Մանասյանի եւ Արտակ Դաշյանի դիպուկ հարվածներով:
Չորրորդ տեղում ընթացող Կապանի «Գանձասար-Կապանը» Գյումրիում անչափ լարված պայքարում 4:3 հաշվով պարտության մատնեց իրեն անմիջականորեն հետապնդող «Փյունիկին»: Կապանցիների կազմում դուբլ գրանցեց Մուսոնդան, մեկական գոլ խփեցին Գեղամ Հարությունյանն ու Մոսկեռան: Փյունիկցիներից երկու գոլ հեղնակեց Ալիկ Առաքելյանը, մեկ՝ Ռոբերտ Մինասյանը:
Այդպիսով, «Ալաշկերտն» ու «Գանձասար-Կապանն» ապահովեցին իրենց տեղը եվրոգավաթների մրցաշարերում, իսկ վերջին, չորրորդ ուղեգիրը իրար միջեւ կվիճարկեն 4-րդ եւ 5-րդ տեղերում գտնվող «Բանանցն» ու «Փյունիկը»: Վերջինս բավական քիչ շանսեր ունի, քանի որ առաջնության ավարտից երեք տուր առաջ իր գլխավոր մրցակցից հետ է մնում 7 միավորով: