Հայաստանի ըմբիշ Լեւան Բերիանիձեն վատ է զգացել մարզմանը
Հայաստանի ազատ ոճային ըմբիշ, աշխարհի անցած տարվա բրոնզե մեդալակիր Լեւան Բերիանիձեն, այսօր չի հայտավորվել Կասպիյսկում ընթացող Եվրոպայի առաջնությանը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մեր ըմբիշը վերջին մարզման ժամանակ վատ է զգացել, ինչի պատճառով չի մասնակցել առաջնությանը: Ինչ վերաբերում է մեր մյուս ըմբիշներին՝ Գարիկ Բարսեղյանին 61 կգ, Գրիգոր Գրիգորյանին 74 կգ, Մարզպետ Գալստյանին 86 կգ եւ Շամիր Աթյանին 92 կգ, ապա նրանք պարտվեցին իրենց մրցակիցներին եւ դուրս մնացին չեմպիոնական պայքարից: Սակայն նրանցից երեքը դեռեւս սպասում են կիսաեզրափակիչ մարտերին, քանի որ եթե նրանց հաղթած ըմբիշները մտնեն եզրափակիչ, ապա իրենք իրավունք կստանան պայքարելու բրոնզե մեդալի համար: Իսկ այսօր երեկոյան 3-րդ տեղի համար մրցամարտ կանցկացնի 57 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը, որը կհանդիպի բելառուսցի Վլադիսլավ Անդրեեւի հետ: