«Փյունիկի» վերջին շանսը՝ մրցաշրջանը փրկելու համար
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում այսօր կկայանան 27-րդ տուրի հանդիպումները: Կենտրոնական խաղում միմյանց հետ կհանդիպեն Երեւանի «Բանանցն» ու Գյումրիի «Շիրակը»: 26 տուրից հետո շիրակցիները 45 միավորով գլխավորում են աղյուսակը, իսկ երեւանյան ակումբը 39-ով զբաղեցնում է 3-րդ տեղը: Ելնելով ստեղծված իրավիճակից, տանտերերն այս խաղում պետք է անպայման հաղթանակ տանեն, որպեսզի շարունակեն պայքարը չեմպիոնի կոչման համար: Աղյուսակի երկրորդ հորիզոնականում գտնվող Երեւանի «Ալաշկերտն» իր հարկի տակ կհյուրընկալվի «Արարատին»: Բանն այն է, որ արարատցիներն իրենց տնային հանդիպումներն անցկացնում են «Նաիրի» մարզադաշտում, որը հենց ալաշկերտցիների սեփական խաղադաշտն է համարվում: Այս խաղում հաղթանակն ավելի շատ պետք է «Ալաշկերտին», որը ընդամենը երեք միավորով է հետ մնում «Շիրակից» եւ բոլորից լավ շանսեր ունի առաջատարին հասնելու: Տուրի երրորդ խաղում Կապանի «Գանձասար-Կապանը» չեզոք՝ Գյումրիի քաղաքային մարզադաշտում, կընդունի Երեւանի «Փյունիկին»: Կապանցիները վաստակած 38 միավորով ընթանում են 4-րդ տեղում, իսկ փյունիկցիները 32-ով գտնվում են 5-րդ հորիզոնականում: Խաղը հատկապես սկզբունքային նշանակություն ունի «Փյունիկի» համար: Պարտության դեպքում փյունիկցիներն արդեն 9 միավորով հետ կմնան կապանցիներից եւ կզրկվեն 4-րդ տեղ զբաղեցնելու հնարավորությունից, ինչը Եվրոպայի լիգային մասնակցելու իրավունք կարող է տալ նրանց: Հավելենք, որ այս տուրի բոլոր հանդիպումները կմեկնարկեն ժամը 17:00-ին: