Արսեն Վենգերը՝ Անգլիայի ամենադժբախտ մենեջերը
Անգլիական լրատվամիջոցները ֆուտբոլի Եվրոպայի լիգայի «Աթլետիկո» - «Արսենալ» կիսաեզրափակիչ խաղից հետո միաձայն հանգել են այն եզրակացության, որ լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն անգլիական ֆուտբոլի ամենադժբախտ մենեջերն է համարվում: «Ոչ մի լավ ավարտ Արսեն Վենգերի համար: Դիեգո Սիեոնեի թիմը շարժվում է Եվրոպայի լիգայի եզրափակիչ, իսկ որքան էլ Վենգերին խոստացել են իր անունով անվանել «Էմիրեյթսի» տրիբունան, միեւնույն է, դա այն ավարտը չէ, որը ցանկանում էր նա», - գրել է The Guardian-ը: Լրատվամիջոցները միաժամանակ հիշեցրել են, որ Արսեն Վենգերը «Արսենալում» 22 տարի աշխատելով, այդպես էլ չի կարողացել գոնե մեկ եվրոպական գավաթ նվաճել: «Դա Վենգերի թվով 250-րդ խաղն էր եվրոգավաթներում, եւ ինչպես միշտ, նրա թիմը սայթաքեց ամենավճռորոշ պահին: Արդյունքում, նա չկարողացավ «Արսենալին» հրաժեշտ տալ իր հայրենի Ֆրանսիայում, Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղում», - գրել է The Daily Mail-ը: The Mirror-ի կարծիքով ֆրանսիացի մասնագետը չի կատարել նաեւ իր ամենագլխավոր միսիան, այսինքն, իր հետեից չի թողել մարտունակ եւ լավ հեռանկար ունեցող թիմ: Հիշեցնենք, որ Արսեն Վենգերը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո լքելու է իր պաշտոնը: Նրա ներկայիս սաներից մեկը Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն է: