«Ռոման» եւ «Լիվերպուլը» չեմպիոնների լիգայի նոր ռեկորդներ սահմանեցին
ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի «Ռոմա» - «Լիվերպուլ» խաղից հետո թարմացվեցին մրցաշարի մի քանի ռեկորդներ: Մասնավորապես, թիմերն արդյունավետության նոր ռեկորդ սահմանեցին, կիսաեզրափակիչ խաղերում միասին խփելով 13 գոլ: «Լիվերպուլը» թարմացրեց մեկ մրցաշրջանում խփած գոլերի քանակի ռեկորդը: Անգլիացիների երկրորդ գոլը թվով 46-րդն էր ընթացիկ մրցաշարում: Այդպիսով, նրանք մեկ գնդակով գերազանցեցին «Բարսելոնային» պատկանող ռեկորդը, որը 1999-2000թթ մրցաշարում խփել էր 45 գոլ: «Լիվերպուլի» հարձակվողներ Սալահը, Ֆիրմինոն եւ Մանեն նույնպես ռեկորդ են սահմանել: Լիվերպուլցիների հարձակման եռյակն ընթացիկ մրցաշարում միասին արդեն խփել է 29 գոլ, ինչը մեկով ավելին է, քան 2013-14թթ «Ռեալի» հարձակվողներ Ռոնալդուի, Բեյլի եւ Բենզեմայի կողմից սահմանած ռեկորդը՝ 28 գնդակ: Նշենք, որ ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի պատասխան խաղում «Ռոման» սեփական հարկի տակ 4:2 հաշվով կամային հաղթանակ է տարել «Լիվերպուլի» նկատմամբ, սակայն դուրս է մնացիել պայքարից, քանի որ առաջին խաղում խոշոր հաշվով պարտություն էր կրել՝ 5:2: Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղը տեղի կունենա մայիսի 26-ին, Կիեւում: Միմյանց հետ կհանդիպեն գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» եւ անգլիական «Լիվերպուլը»: